Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է Մարզի խորհրդի նիստ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի գլխավորությամբ անցկացվել է Մարզի խորհրդի նիստ

ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն անցկացրել է Մարզի խորհրդի նիստ մարզպետի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:

Օրակարգի առաջին կետով համայնքներում ընթացիկ տարում սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներն է ամփոփել ֆինանսական վարչության պետ Համլետ Ստեփանյանը՝ նշելով, որ 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, բոլոր հարկատեսակների մասով ցուցանիշները գոհացուցիչ են:

Այս առնչությամբ մարզպետն իր գոհունակությունն է հայտնել մարզի համայնքների ղեկավարներին՝ արձանագրելով, որ նախորդ տարվա ցուցանիշներով, Կոտայքի մարզին տրված դոտացիաներն ու հավաքագրված եկամուտները գրեքե հավասարվել են, ինչն, անշուշտ, նաև մարզի համայնքապետարանների կողմից բյուջեների ճիշտ պլանավորման արդյունք է եղել: Տեմպերը պետք է պահել և շարունակել է՛լ ավելի բարելավվելու ցուցանիշները:

Հաջորդիվ քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Հրաչյա Վարդանյանը ներկայացրել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը, ինչպես նաև 2025 թվականին նախատեսված և հաստատված ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն:
Անդրադարձ է կատարվել նաև պետական բյուջեով մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին:

Այս ուղղությամբ մարզպետի աշխատակազմի և մարզի ղեկավարի մոտեցումը նույնն է՝ ամենօրյա անմիջական հսկողության ներքո պահել սուբվենցիոն և պետական բյուջեով իրականացվող աշխատանքները՝ որակն ու ժամկետները դիտարկելով որպես առաջնահերթություն:

Համայնքների ղեկավարների հետ քննարկվել են նաև ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականի՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման նպատակով կազմակերպվող աճուրդների և հողամասերի վարձակալության հետ կապված հարցերը: Մարզի ղեկավարը լսել է համայնքների ղեկավարների բոլոր մտահոգությունները, որոնք առաջիկայում կքննարկվեն համապատասխան գերատեսչության գործընկերների հետ:

Նիստի օրակարգի վերջին կետով իրավաբանական բաժնի պետ Լեյլի Խաչատրյանը ներկայացրել է իրավական ակտերում 2024 և 2025 թվականներին կատարված մի շարք փոփոխություններն ու լրացումները:

Օրակարգային հարցերից հետո Ահարոն Սահակյանը համայնքների ղեկավարների ուշադրությունն է հրավիրել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակում Հրազդանի վարչական տարածքում սանիտարական աղբավայրի կառուցման աշխատանքներին՝ նշելով, որ աղբավայրը մայիսին շահագործման կհանձնվի և այս փուլում կարևոր է մարզի բոլոր համայնքների աջակցությունը՝ ծրագիրն անխոչընդոտ իրականացնելու նպատակով:

Քննարկվել են այլ հարցեր ևս: