Կառավարությունը պատրաստ է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներկայացուցիչների սոցիալական ծրագրերին վերաբերող առաջարկները

Կառավարությունը պատրաստ է քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներկայացուցիչների սոցիալական ծրագրերին վերաբերող առաջարկները

Կառավարությունը շարունակում է երկխոսությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներկայացուցիչների հետ՝ նրանց աջակցությանը վերաբերող ծրագրերի, դրանց փոփոխությունների  արդյունավետության շուրջ: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

Նրա հավաստմամբ՝ հանդիպումները տեղի են ունենում կանոնավոր կերպով, և յուրաքանչյուր անգամ կառավարությունը ներկայացնում է իր մոտեցումներ`պատրաստակամություն հայտնելով քննարկել նաև առաջարկվող բարեփոխումները: 

«Մենք մշտապես ենք փորձում գտնել այն կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք ներկայացուցչական կարծիք են բերում, որ չստացվի այնպես, որ մենք հանդիպում ենք 1-2 մարդու հետ, և նաև ասեմ, որ այդ կազմը որոշակիորեն փոփոխական է։ Հանդիպել ենք նաև վերջին շաբաթների ընթացքում, բացատրել ենք, թե մենք ինչու ենք ընտրել այս ճանապարհը և ինչպես ենք շարունակում շարժվել առաջ, լսել ենք նաև կարծիքներ»,- նշել է Տիգրան Խաչատրյանը։ 

Փոխվարչապետը վստահեցրել է նաև, որ կառավարությունը շարժվում է արդեն ընդունված որոշումների տրամաբանության մեջ, սակայն բաց է առաջարկությունների համար, որոնք կլավացնեն գործող ծրագրերը: 

«Եթե կիրառության ընթացքում կգտնենք ավելի պարզ բանաձևեր, որոնք նույն արդյունավետությամբ կարող են հասցեագրել կարիքավոր ընտանիքների հետ կապված անելիքները, պատրաստ ենք քննարկել լավարկման հնարավորությունը։ 

Խաչատրյանը հավելել է, որ պատրաստ են լսել առաջարկներ, որոնք միտված կլինեն բնակարանային ապահովության երկարաժամկետ ծրագրի բարելավմանը։ 

Փոխվարչապետը անդրադարձել է նաև  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պահանջներին՝ կապված կենսաթոշակային կուտակումները վերադարձնելու հետ։ Նա ընդգծել է, որ այդ միջոցները պետք է պահպանվեն և ծառայեն իրենց նպատակին՝ ապագայում բարձր կենսաթոշակ ստանալուն։  

«Այդ գումարները ոչ թե այժմյան օգտագործման համար են, այլ ապագայում կենսաթոշակային ապահովության։ Նման գործելակերպը նախադեպ չունի Հայաստանում։ Եթե այսօր այդ գումարները պարզապես հատկացվեն, մարդիկ վաղը կենսաթոշակ չեն ունենա»,-նշել է  նա։