2023-ի հոկտեմբերից ի վեր պետբյուջեից ԼՂ-ից տեղահանվածներին հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ

2023-ի հոկտեմբերից ի վեր պետբյուջեից ԼՂ-ից տեղահանվածներին հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ

2023-ի հոկտեմբերից ի վեր պետական բյուջեի միջոցներից Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցության տարբեր ծրագրերով հատկացվել է ավելի քան 115 միլիարդ դրամ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Ես նաև ավելորդ չեմ համարում ասել, որ այդ միջոցների 85-90 %-ը ծախսվել են Կառավարության բյուջետային միջոցների հաշվին: Իհարկե, այդտեղ եղել են նաև միջազգային կազմակերպությունների լրացուցիչ աջակցության գումարներ, որոնց մենք շնորհակալ ենք, և որը շատ բարձր ենք գնահատում, բայց մեր աշխատանքի սկզբունքը ո՞րն է եղել։ Եթե մենք որոշել ենք, որ ճիշտ է, որ այսօրվանից իրականացվի այս սոցիալական աջակցության ծրագիրը, մենք չենք սպասել, որ միջազգային որևէ կազմակերպություն գա, Կառավարության հետ համաձայնվի, որ դա կարևոր է, նոր որոշենք այդ ծրագիրը իրականացնել։ Մենք որոշել և իրականացրել ենք ծրագիրը, և այդ ընթացքում միջազգային կազմակերպությունները, լսելով մեր ծրագրի բովանդակությունը, ցանկություն են հայտնել միանալ այդ ծրագրերին և որոշակի ֆինանսական միջոցներով օգնել։ Այն ընկալումը կամ սպասումը, որ մտածում ենք, որ եթե մենք միջազգային կազմակերպություններին պատմենք, որ այսպիսի բան ենք ուզում անել, ապա կարող ենք բյուջետային միջոցներ չօգտագործել և գնալ այդպիսի միջազգային համաժողովներից բերել անհրաժեշտ ֆինանսավորումը, դրանք, իհարկե, իրականությունից շատ գերագնահատված են, և մենք պարզաբանման կարիք տեսել ենք և պարզաբանել ենք նաև գրավոր:

Մենք գիտենք, որ անհրաժեշտ ծրագրերն իրականացնում ենք Կառավարության միջոցներով և չենք կարծում, որ որևէ միջազգային համաժողով անելով՝ կարող ենք մոբիլիզացնել ավելի շատ միջոցներ, քան նրանք, որոնք այս պահին մեզ հայտնի են: Մենք չենք տեսնում այդպիսի լրացուցիչ հնարավորություն, եթե մենք տեսնենք, թե որ խնդիրն է, որ լուծված չէ և հնարավոր է լուծել որևէ լրացուցիչ համաժողով կազմակերպելու արդյունքում, իհարկե կարող ենք դա անել, բայց դրա կարիքը և անհրաժեշտությունը այս փուլում մենք չենք տեսնում»,- նշեց փոխվարչապետը։