Վրաստանում արգելվելու է կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը առանց իշխանությունների հավանության

Վրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) և քաղաքական կուսակցությունների՝ արտերկրից դրամաշնորհներ և ֆինանսավորում ստանալու մասին, լրագրողներին ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Երբ քաղաքական գործիչը դրսից փող է ստանում, վտանգ կա, որ նա կգործի օտար պետության շահերից ելնելով»,- պարզաբանել է նա։
Գործող օրենսդրության համաձայն՝ արգելվում է կուսակցությունների ֆինանսավորումը դրսից, սակայն կա դրույթ, ըստ որի՝ օտարերկրյա դոնորները կարող են միջոցներ հատկացնել վրացական քաղաքական կուսակցություններին՝ սեմինարների և կուսակցությունների զարգացման ծրագրերի անցկացման համար։
«Մենք տեղեկություններ ունենք, որ որոշ արմատական ընդդիմադիր կուսակցություններ արտերկրից մեծ գումարներ են ստացել տարբեր հիմնադրամների միջոցով՝ օգտագործելով այս շրջապտույտի սխեման, ուստի մենք կփակենք կուսակցությունների համար արտաքին ֆինանսավորում ստանալու ցանկացած ճանապարհ՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության», – ասել է Պապուաշվիլին։