Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցման փաստը

Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարը ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը կարևորել է խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցման փաստը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Մարդանի Ալի Սերայի հետ:

ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շարունակվող համագործակցության կապակցությամբ և շեշտել քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով:

Երկուստեք կարևորվել են խորհրդարանական համագործակցության ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կարևոր քայլերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիաների և այլ ոլորտներում:

Հակոբ Արշակյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու կապերն ԱՍԵԱՆ-ի երկրների հետ և շնորհակալություն հայտնել ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում Ինդոնեզիայի աջակցության համար:

ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարը կարևորել է խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցման փաստը` աջակցություն հայտնելով փաստաթղթի շուտափույթ ստորագրմանը:

Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև հետագա տնտեսական համագործակցության ներուժը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության խթանման հեռանկարները:

ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել են Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը: