Ես գնաճ չեմ նկատում, ինքս գնումներ չեմ կատարում. ֆինանսների փոխնախարար

Բյուջեում ֆինանսական խնդիրներ բացարձակապես չկան, մենք ընդհանրապես հարկաբյուջետային կայունության խնդիրներ չունենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Ինչպես գիտեք, առաջին եռամսյակի հարկային եկամուտների ծրագրային թիրախը նույնիսկ գերակատարվել է և այստեղ խոսել նման ռիսկերի մասին, որ բյուջեն ընթացիկ իրացվելիության խնդիրներ ունի և այլն, ընդհանրապես տեղին չեմ համարում: Նման մտահոգություն չկա և ձեզ էլ առաջարկում եմ ակտիվորեն լուսաբանել դա»,-ասաց նա:
Անդրադառնալով գնաճին, փոխնախարարը նկատեց, որ գնաճը հայտարարված կանխատեսումների տիրույթում է. «Առանձին ֆրագմենտալ այդպես վերցնել մեկ-երկու ապրանքի գծով ու կարճ ժամանակահատվածում գնաճի տեմպ գնահատել, կարծում եմ ճիշտ մոտեցում չի լինի: Գնաճից կարող ենք խոսել ավելի երկար հեռանկարում և կարծում եմ, որ դա նույնպես անհանգստացնող երևույթ չէ»:
Հարցին՝ երբ ինքը խանութ կամ շուկա է գնում, չի՞ նկատում գնաճը, Արման Պողոյսնը պատասխանեց. «Ես առանձնապես անկեղծորեն չեմ նկատում: Պետք է խոստովանեմ, որ ինքս քիչ եմ օգտվում, որովհետև ժամանակ չի լինում, հիմնականում ես չէ, որ կատարում եմ գնումները»: