Մեյմանդարի շուկայի ու Գավառի խնդիրները լսենք՝ նոր սկսենք. փորձագետը` ՓՄՁ հարկերի մասին

Մեյմանդարի շուկայի ու Գավառի խնդիրները լսենք՝ նոր սկսենք. փորձագետը` ՓՄՁ հարկերի մասին
Շրջհարկի դրույքաչափը կրկնապատկվել է, թեև փոքր բիզնեսին հնարավորություն է տրված նախկինից էլ ավելի նվազեցնել հարկը` շրջանառությունը չթաքցնելու և փաստաթղթով աշխատելու դեպքում։ Սակայն ըստ ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի, մի շարք դեպքերում փաստաթղթով աշխատելը շատ դժվար է` գործնականում անհնար ։ Ոչ ոք չի առաջարկում աչք փակել, եթե փոքր բիզնեսը «սևով» է աշխատում։ Խնդիրն այն է, որ օրինական աշխատելը պետք է լինի առավելագույնս հեշտ, որ ՓՄՁ–ն իր սահմանափակ կարողություններն ուղղի ոչ թե թղթաբանության, այլ վաճառքների վրա, նշում է Ավագյանը։
Այո, կան և այնպիսի բիզնեսներ, որոնք պարզեցված հարկային ռեժիմն օգտագործում էին հարկերից խուսափելու համար։ Բայց կան նաև իրական շահառուներ, որոնք այդ ռեժիմի վերացման պատճառով տուժում են։ Բնական է, որ ֆիննախն ու ՊԵԿ–ը հարկային մուտքեր են ուզում, բայց էկոնոմիկայի ու ՏԿԵ նախարարություններն էլ ուզում են զարգացում, այդ թվում` մարզերում, սոցապ նախարարությունն էլ՝ գործազրկության կրճատում։ Այս հարցերի մեծ մասի լուծումը կարծես թե ՓՄՁ–ն է տալիս, ասում է Ավագյանը։
Հիմա, եթե բիզնեսը պիտի ավելի շատ փաստաթուղթ հաշվառի, նա պիտի ավելի աշխատատար ու թանկ հաշվապահություն պատվիրի, սակայն հաշվապահական ընկերություններն այս տարվանից աշխատում են ԱԱՀ–ի դաշտում, և փոքր բիզնեսի համար նրանց ծառայությունները կթանկանան (որովհետև չեն կարողանա իրենց ԱԱՀ–ն հաշվանցել ՓՄՁ–ին)։

Շատ լավ, բայց ուրեմն այդ բիզնեսը փաստաթղթով չաշխատի՞

Այս հարցին Ավագյանը պատասխանում է. կան մի շարք դեպքեր, որտեղ դա դժվար է անել, և օրենքն ընդունելուց առաջ անհրաժեշտ էր այդ բոլոր դեպքերը վերլուծել։
Մի շարք ոլորտներում տնտեսվարողները չեն կարող ապրանքը փաստաթղթով գնել, անգամ եթե ուզեն։ Ամենացայտուն օրինակն են գյուղմթերքի մեծածախ շուկաները, որտեղ առևտուրը գրեթե երբեք փաստաթղթով չի արվում, անգամ ՀԴՄ չկա։ Այս դեպքում վերավաճառողը, որպեսզի իր 10%–անոց հարկը նվազեցնի, պիտի ամեն մի գյուղացու ասի. «Անձնագիրդ բեր, գյուղապետից տեղեկանք բեր, որ քո բերքն է, հետո էլ քարտիդ համարը ասա, որ փոխանցում անեմ»։ Գյուղացին էլ կասի. «Չեմ բերի, քարտ էլ չունեմ, հարկադիրը հաշիվներս փակել է», նշում է Ավագյանը։
Այս խնդիրը վերաբերում է նաև փոքր արտադրողներին, որը հիմա չի կարողանա նվազեցնել, օրինակ, մուրաբայի կամ չրի արտադրության համար մթերված մրգի ծախսը։ ՓՄՁ ասոցիացիայում կա չրով շոկոլադե կոնֆետներ արտադրող, որը, տասնյակ այլ բիզնեսների հետ, հիմա կկանգնի այս խնդրի առաջ։
Բացի այդ, խստացել են նաև պահանջները փաստաթղթերի նկատմամբ, նշում է Ավագյանը։ Նախկինում բիզնեսին անշարժ գույք վարձով տվողը տալիս էր 10% եկամտահարկ, ու դրանով հարցը փակվում էր։ Բայց հիմա պետք է կադաստրով ու նոտարով վերահաստատի իր տարածքի մակերեսը։ Մի քանի սանտիմետրի անճշտություն` և ծախսը չի նվազեցվի, մինչև կադաստրով խնդիրը չկարգավորվի։ Բացի այդ, անցումային կարգավորումներ անելիս, առևտրականներին թույլ են տվել մինչև հուլիսի 1-ը հին տոկոսադրույքով (5%-ով) վաճառել անփաստաթուղթ ապրանքների մնացորդները։ Սակայն սա թույլ են տվել միայն առևտրի սուբյեկտներին` անտեսելով արտադրողներին (որոնք մեր երկրի տնտեսությունում, ցավոք, փոքրամասնություն են)։
«Շրջանառության հարկի նախկին սխեման թույլ էր տալիս այս և մի շարք այլ հարցերի չառնչվել։ Հիմա բիզնեսի համար պարզ չէ, թե ինչ կլլինի նման իրավիճակներում։ Հաշվապահների շրջանում առաջանում են բազմաթիվ հարցեր. որ հաշիվ–ապրանքագիրն է նվազեցման ենթակա, որը` ոչ», – հավելում է Ավագյանը։
Այսինքն փոքր բիզնեսը հաշվետու չլինի՞
Իհարկե պետք է լինի, պատասխանում է մեր այս հարցին Ավագյանը։ Մեկ–երկու ամիս առաջ, երբ փոքր բիզնեսի ներկայացուցիչները ցույցեր էին անում ՊԵԿ–ի ու կառավարության մոտ, նրան մի քանի անգամ մոտեցել էին` խնդրելով բողոքել ՊԵԿ–ի տուգանքների դեմ։ Բոլոր այն դեպքերում, երբ բիզնեսը խախտում էր թույլ տվել, ասոցիացիան միանգամից մերժում էր։ Բայց շատերը ուզում են աշխատել օրենքով, ուղղակի ուզում են ունենալ պարզեցված հարկային ռեժիմ` այն տրամաբանությամբ, որը գործում է շատ երկրներում, նշում է Ավագյանը։
Նա համաձայն չէ նաև իշխանությունների այն փաստարկի հետ, որ արդարության սկզբունքից ելնելով` 2026 թվականից պետք է շրջանառության հարկը վերացնել ու թողնել միասնական ԱԱՀ–ի ու շահութահարկի ռեժիմ։
«Բերեմ եւս մեկ օրինակ. որոշ ժամանակ առաջ վարսավիրանոցներին հանեցին միկրոբիզնեսի ռեժիմից (զրոյական հարկերով – խմբ)։ Եղել են խնդիրեր, ընդունում եմ դա։ Բայց արդյո՞ք ճիշտ է հավասար պայմաններով մոտենալ Ամիրյան փողոցի ու Գավառի վարսավիրանոցներին։ Տեղին է հիշեցնել, որ բիզնեսը գնալով կենտրոնանում է Երևանում։ Ինչպե՞ս է պետությունն ուզում այս խնդիրը լուծել», – ասում է Ավագյանը։

Ի՞նչ է առաջարկում ՓՄՁ ասոցիացիան

ՓՄՁ ասոցիացիան առաջարկում է հետևյալը. քանի որ ակնհայտ է, որ օրենքը լավ մտածված չէ, կարելի է այն հետաձգել վեց ամսով` կազմակերպելով քննարկումներ ըստ բիզնեսի խմբերի` ասոցիացիայի երեք մարզային գրասենյակներում ու Երևանում։
«Առաջարկում ենք օրենքը հետաձգել, բայց ոչ ինքնանպատակ, այլ ընթացքում փորձենք իմ նշած և շատ այլ խնդիրներ հավաքել ու վերլուծել։ Շատ հարցեր կարող ենք մենք էլ չիմանալ. դրանք ի հայտ կգան միայն բիզնեսի հետ քննարկումների արդյունքում, եթե մի կողմ դնենք հույզերը և կենտրոնանանք հարցերի վրա», – ասում է Ավագյանը։
էկոնոմիկայի նախարարությանը ՓՄՁ ասոցիացիան առաջարկել է նման քննարկումներ սկսել մինչև տարվա առաջինեռամսյակի ավարտը, պատասխան դեռ չի ստացել։
Աղբյուրը՝ arm.sputniknews.ru