ԲՏԱ նախարարության կողմից «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի կազմակերպման նպատակով 200 միլիոն դրամի մեկ անձից գնման վերաբերյալ

ԲՏԱ նախարարության կողմից «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի կազմակերպման նպատակով 200 միլիոն դրամի մեկ անձից գնման վերաբերյալ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի կազմակերպման նպատակով 200 միլիոն դրամի մեկ անձից գնման վերաբերյալ։
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը՝ կապված «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման նպատակով «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հետ մեկ անձից գնման եղանակով պայմանագիր կնքելու վերաբերյալ՝ ցանկանում ենք ներկայացնել հետևյալ պարզաբանումը։
Միջոցառման շրջանակում ծառայությունների ձեռքբերման գնման ձև է սահմանվել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը՝ հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 04.05.2017 թ. թիվ 526-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետի 4-րդ ենթակետի 4-րդ պարբերության պահանջները, ինչը պայմանավորված է հեղինակային և բացառիկ իրավունքի առկայությամբ:
«Սևան Ստարտափ Սամմիթ» միջոցառման հեղինակային իրավունքներն ամբողջությամբ պատկանում են «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին: Այս կազմակերպությունն է միջոցառման գաղափարի, բովանդակային կառուցվածքի և կազմակերպչական ողջ մոդելի հեղինակն ու իրականացնողը ծրագրի մեկնարկից ի վեր: Այս հանգամանքը հստակ սահմանված է նաև իրավական փաստաթղթերով և ապահովում է կազմակերպության բացառիկությունն այս նախաձեռնության կազմակերպման գործընթացում։
Նկատի ունենալով միջոցառման ազդեցությունը, արդյունքները և միջազգային հետաքրքրվածությունը, ինչպես նաև միջոցառման շրջանակում ոլորտային մի շարք մեծ միջոցառումների անցկացման կարևորությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն նպատակահարմար է համարել աջակցել միջոցառման կազմակերպմանը:
Նախատեսվող աջակցությունը միտված է ոչ միայն արդեն ձևավորված միջազգային հարթակի կայունացմանը, այլև դրա ընդլայնմանը՝ բարձր տեխնոլոգիաների, ստարտափ մշակույթի և ներդրումային հնարավորությունների զարգացման համատեքստում։ Կարևոր հանգամանք է հանդիսացել նաև միջազգային ներդրումային հարթակների և փորձագետների ներգրավումը, հայկական ստարտափների հետագա զարգացման խթանումը, ոլորտի դերակատարների ցանցային համագործակցության ընդլայնումը և Հայաստանի՝ որպես նորարարական և տեխնոլոգիական տարածաշրջանային կենտրոնի դիրքավորումը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման և ներդրման, ինչպես նաև տեղական ու միջազգային միջոցառումների կազմակերպման ուղղություններով։ Նշված հուշագրում առանձնացվում է նաև աջակցությունը «Սիսայդ Ստարտափ Սամմիթ» նախագծին, որի շարքում է նաև Հայաստանում անցկացվող «Սևան Ստարտափ Սամմիթ»-ը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է պետական միջոցների թափանցիկ և նպատակային օգտագործումը և պատրաստ է ներկայացնել միջոցառման կազմակերպման և ֆինանսավորման բոլոր մանրամասները՝ սահմանված կարգով։