Ինչպե՞ս կազդեն ամերիկյան մաքսատուրքերը Հայաստանի տնտեսության վրա

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերին անմասն չի մնացել նաև Հայաստանը։ Հայկական փորձագիտական դաշտում վիճակագրական տվյալներն են վերլուծում։ Տնտեսագետները հանգել են այն եզրակացությանը, որ նոր մաքսատուրքերը էական ազդեցություն չեն ունենա Հայաստանի տնտեսության վրա։
Դա բացատրվում է նրանով, որ ԱՄՆ-ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը չէ։ Այնուամենայնիվ, Հայաստանում պատկերը կփոփոխվի Չինաստանի համար սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Այդ երկիրը Հայաստանի երկրորդ խոշոր գործընկերն է։ 2024 թվականին Հայաստանը Չինաստանից 1 միլիարդ 669 միլիոն դոլարի ապրանք է ներմուծել՝ 5 անգամ ավելի շատ, քան, օրինակ, տասը տարի առաջ։
Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչք, բանջարեղեն, պահածո, կաթնամթերք, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր, բնական կամ արհեստական հանքային ջուր, ըմպելիք, ինչպես նաև ծառայություններ։ Սա այն հիմնական ապրանքների ցանկն է, որոնք Միացյալ Նահանգները ներմուծում է ՀՀ-ից։
Հայաստանից ԱՄՆ արտահանման զգալի մասը՝ մոտ 20 տոկոսը, ոսկին է և ադամանդը: Մոտ 15 տոկոսը ոգելից և ոչ ոգելից խմիչքներն են: Ավելի քիչ ծավալով արտահանվում են բանջարեղենային պահածոները և կաթնամթերքը։ Ըստ վիճակագրության՝ Հայաստանը Միացյալ Նահանգների հետ առևտրային էականորեն բացասական հաշվեկշիռ ունի։ Երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականին կազմել է գրեթե 411 մլն դոլար։
2023 թվականի համեմատությամբ այն պակասել է 38,7%-ով. ՀՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը կարծում է, որ մաքսատուրքերի տնտեսական ազդեցությունը մեծ չի լինի։
Նա վիճակագրական տվյալներն է մեջբերում․ «Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառությունը կազմում է Հայաստանինի ամբողջ ծավալի մոտ 3 տոկոսը։ Դա մեծ տեսակարար կշիռ չէ։ Արտահանման կառուցվածքում ապրանքների կշիռը փոքր է, հիմնականում ծառայություններ ենք արտահանում, որոնք այդ պատժամիջոցների մեջ չեն մտնում։ Ուստի, կարծում եմ, որ Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառության տեսանկյունից մենք մտահոգվելու որևէ խնդիր չենք ունենա»։
Միացյալ Նահանգներից Հայաստան է ներմուծվում հիմնականում ավտոմեքենա և հագուստ։ Մինչև 2021 թվականը այդ երկրից ներմուծման ծավալը 20-60 տոկոսով գերազանցում էր արտահանմանը՝ կազմելով շուրջ 100 մլն դոլար: Հետագա երկու տարում ներմուծման կտրուկ աճ է արձանագրվել՝ 2023-ին հասնելով մոտ 550 մլն դոլարի: Մասնագետները սա պայմանավորում են հիմնականում ավտոմեքենաների վերաարտահանման աճով: Այսինքն՝ Հայաստանը ԱՄՆ-ից մեքենաներ էր ներմուծում, որոնք վերաարտահանում էր Ռուսաստան: Սակայն, 2023-ին Ռուսաստանի կառավարությունը որոշեց, որ մեկ ֆիզիկական անձը մեկ տարում կարող է միայն մեկ ավտոմեքենա վաճառել այդ երկրում: Հայաստանից ավտոմեքենա ներմուծելու համար ավելի ուշ մաքսատուրք սահմանեց նաև Վրաստանը: Ի վերջո, ավտոմեքենաների վերաարտահանումը սահմանափակվեց, և կտրուկ կերպով նվազեց նաև ԱՄՆ-ից ներմուծման ծավալը:
ԱԶԲ տնօրեն Դոն Բամբերդը նույնպես կարծում է, որ ամերիկյան մաքսատուրքերի ազդեցությունն էական չի լինի Հայաստանի տնտեսության վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսության վրա դրանք անուղղակի ազդեցություն կարող են ունենա։ Դա բացատրում է նրանով, որ ԱՄՆ–ն Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը չէ․ ուստի ուղղակի ազդեցություն չի լինի․ բացի այդ՝ Հայաստանի համար հայտարարվել է 10 տոկոս մաքսատուրք։ Թիվը բարձր է, բայց և ցածր՝ մյուս երկրների համեմատությամբ․
«Անուղղակի ազդեցության հաշվարկումը ավելի բարդ է, քանի որ այս մաքսատուրքերը ազդում են առևտրային շատ գործընկերների վրա, ուստի դժվար է ընդհանրաբար կանխատեսել, թե ինչ ազդեցություն կունենա արտաքին տնտեսական միջավայրի վրա»։
Փորձագիտական դաշտում ավելի շատ շեշտադրում են ոչ թե Հայաստան-ԱՄՆ, այլ ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերությունները, քանի որ Հայաստանը Չինաստանի հետ խոշոր առևտրային գործընկերություն ունի։ ՎԿ տվյալներով՝ տարեցտարի ավելանում է Չինաստանից ներմուծման ծավալը․ 2024 թվականին Հայաստանը Չինաստանից 1 միլիարդ 669 միլիոն դոլարի ապրանք է ներմուծել՝ 5 անգամ ավելի շատ, քան, օրինակ, տասը տարի առաջ։ Ռուսաստանից հետո Չինաստանը Հայաստանի երկրորդ ամենախոշոր մատակարարն է։ 2024 թվականին Հայաստան ներմուծման շուրջ 10%-ը Չինաստանին է բաժին հասել։ Ներմուծվել են մեծ մասամբ հաշվողական մեքենաներ, հեռախոսներ, փոխադրամիջոցներ, կիսահաղորդչային սարքեր։
ՀՊՏՀ միջգիտակարգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյան․
«Չինաստանը դեպի ԱՄՆ ունենում է բավական մեծ սահմանափակում, ուստի այլ շուկաներ պետք է փնտրի։ Եվ քանի որ Չինաստանը Հայաստանում ունի մեծ շուկա, ուստի կարծում եմ՝ ներմուծման ծավալները ավելի կմեծանան։ Սա դրականորեն չի ազդի փոխարժեքի, ներմուծվող ապրանքների վրա, որշակի գնային ճնշում կլինի նաև այլ ապրանքների վրա։ Չինական ապրանքները որոշակիորեն ավելի էժան են, իսկ դրանք տեղական արտադրանքի վրա կունենան ազդեցություն»։
Ըստ CNBC-ի՝ Վաշինգտոնը Պեկինի համար մաքսատուրքերը հասցրել է մինչև 145 տոկոսի։ Տնտեսագետ Զավեն Բաղրյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում իրավիճակն այսպես է մեկնաբանում․ աշխարհում տեղի են ունենում տնտեսական պատերազմներ, որոնք հիբրիդային պատերազմի մաս են կազմում․
«Թրամփի տնտեսական քաքաղականության նպատակը հետևյալն է՝ խոչընդոտել զարգացած ու զարգացող երկրների արտահանման ծավալները դեպի ամերիկյան շուկա․ փոխարենը զարգացնելով սեփական արտադրությանը՝ փորձելու է պաշտպանել առկա աշխատատեղերը, ինչպես նաև նոր աշխատատեղեր ստեղծել»։
Փորձագետը համոզված է, որ նոր մաքսատուրքերի կիրառումը հատկապես չինական ապրանքների մրցունակությունը թուլացնելու նպատակ ունի։
Աղբյուրը՝ armradio.am