Ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի ներկայացում՝ հողերի դեգրադացման չեզոքացման ուղղությամբ

Ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի ներկայացում՝ հողերի դեգրադացման չեզոքացման ուղղությամբ
Տեղի է ունեցել ռեսուրսների մոբիլիզացման ազգային պլանի ներկայացումը։ Միջոցառումը կյանքի է կոչվել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
ՇՄՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էին պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների, ոլորտային գործընկեր կառույցների, գիտական համայնքի ներկայացուցիչներ և ՀԿ-ներ։
Բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, ով իր խոսքում կարևորել է համակարգված և երկարաժամկետ արդյունքները․
«Մեր նպատակը ոչ միայն հողի պահպանության և վերականգնման ծրագրերի իրականացումն է, այլև գործուն, կայուն և համագործակցային հարթակի ձևավորումը՝ պետական, համայնքային, գիտական և գործընկեր կառույցների միջև։ Մենք կարող ենք հասնել համակարգված, նպատակային և երկարաժամկետ ազդեցություն ունեցող արդյունքների»։
Հանդիպման առանցքում մոբիլիզացված ռեսուրսները, համատեղ ջանքերը և ճիշտ ռազմավարական մոտեցումներն էին, որոնք հնարավորություն կտան ապահովելու հողային էկոհամակարգերի վերականգնում և կայուն օգտագործում՝ ի շահ գալիք սերունդների։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է հողերի վերականգնման և կայուն կառավարմանն ուղղված ազգային ջանքերի ամրապնդման համար՝ հնարավորություն տալով արդյունավետորեն համադրել առկա ռեսուրսներն ու կարողությունները։ Այս պլանը հանդիսանում է ֆինանսական և տեխնիկական հնարավորությունները համախմբելու ուղենիշ, ինչպես նաև խթանում է շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ ջանքերն ու համագործակցությունը։
Ռեսուրսների մոբիլիզացման ազգային այս պլանը ոչ միայն ռազմավարական ուղենիշ է, այլ նաև հստակ քարտեզագրում՝ ներկայացնելով առկա հնարավորությունները, իրականացված և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համագործակցության նոր ուղիները՝ հողային ռեսուրսների արդյունավետ պահպանման և վերականգնման համար:
Քննարկման ընթացքում ուշադրություն է դարձվել նաև գենդերային հարցերին՝ ընդգծելով կանանց ակտիվ ներգրավվածության կարևորությունը հողի կայուն կառավարման և գյուղատնտեսական ծրագրերում։
Բացի այդ, ներկայացվեցին գործնական մեխանիզմներ դրամաշնորհային հնարավորությունների որոնման, դոնորների հետ արդյունավետ կապի հաստատման և երկարաժամկետ համագործակցության ձևավորման վերաբերյալ։