Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ անցկավել է աշխատանքային խորհրդակցություն

Եթե պետք է՝ ամենախիստ պատժամիջոցը կկիրառվի, եթե կարիքը կա՝ հսկողությունն ու վերահսկողությունը կկրկնապատկվի, պետք է բացառել թերացումներն ու անորակ շինարարությունը,- Դավիթ Առուշանյան
Շիրակի մարզպետն երեկ անցկացրել է աշխատանքային քննարկում մարզի համայնքների ղեկավարների, մարզպետի աշխատակազմի պատասխանատուների, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պատասխանատուների մասնակցությամբ։
«Շիրակի մարզի բոլոր համայնքներում քաղաքաշինական ծրագրեր են իրականացվում և դրանց որակով իրականացումը մեր բոլորի պատասխանատվությունն ու աշխատանքն է, մենք պարտավոր ենք առանց թերացումների իրականացնել ծրագրերը, իսկ նման արդյունքի կհասնենք, եթե լինի բոլոր կառույցների համագործակցությունը՝ մարզպետի աշխատակազմ, համայնքապետարաններ, տեսչական մարմիններ, տեխնիկական ու հեղինակային հսկողներ և յուրաքանչյուրն իր մասով հստակ անելիքն իրականացնի առանց հապաղելու»,- ընդգծել է Շիրակի մարզպետը՝ նշելով, որ թերությունների, սխալների, խախտումների ժամանակ ոչ մի ֆինանսական փաստաթուղթ չի ստորագրվի մարզպետի աշխատակազմի կողմից, կկիրառվեն անհրաժեշտ պատժամիջոցները, մատների արանքով չի դիտարկվի ոչ մի փաթեթ ու աշխատանք։
Դավիթ Առուշանյանը հորդորել է համայնքապետերին լինել առավել զգոն՝ ընդգծելով, որ վարչական ղեկավարները ևս պետք է սրտացավորեն մոտենան իրենց բնակավայրերում իրականացվող շինաշխատանքներին, խնդիրների ու մտահոգությունների դեպքում առանց հապաղելու ահազանգեն ու տեղեկացնեն։
Մարզպետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային հանձնաժողովն առաջիկա օրերին կսկսի շրջայցներն ու ստուգումները, կդիտարկվեն նաև արդեն շահագործման հանձնված շինօբյեկտները՝ երաշխիքային սպասարկման շրջանակներում առաջ եկած թերացումներն արագ շտկելու նպատակով։
Համայնքապետերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզում սպանդանոցային խնդրի լուծմանն առնչվող հարցեր։
Դավիթ Առուշանյանը մտահոգիչ է համարել գործընթացի հապաղումն ու նշել, որ համայնքապետարաններն այստեղ անելիք ունեն։
Մարզպետին է տեղեկացվել, որ Արթիկ համայնքը հայտ է ներկայացրել համայնքի բնակավայրերից մեկում շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերելու համար։ Ախուրյան և Աշոցք համայնքները մարզպետի կողմից հաստատված բնակավայրերից մեկում շարժական մոդուլային սպանդանոց հիմնելու նպատակով կօգտվեն «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրից»։
2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը տնտեսավարողների կողմից ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը սուբսիդավորվում է, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են ՀՀ մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում: