Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Միացյալ Նահանգները զորքը դուրս է բերում Սիրիայի արևելքից

Ամերիկյան զորքերը լքում են Սիրիայի արևելքում գտնվող Դեյր Զոր շրջանի Կոնիկո գազի հանքավայրում գտնվող իրենց ռազմաբազան։ Վերջին մի քանի օրվա ընթացքում բազայից դուրս է եկել երկու ռազմական շարասյուն՝ ավելի քան 70 և 200 միավոր տեխնիկայով, գրում է Al Arabiya News-ը:

Կոնիկո հանքավայրում է գտնվում Սիրիայի գազի վերամշակման ամենամեծ գործարանը։ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց առաջ հանքավայրն օրական արդյունահանել է մոտ 10 միլիոն խորանարդ մետր բնական գազ, գրում է թերթը։ Կոնիկոյում գտնվող ամերիկյան բազան ունի ուսումնական կենտրոն, ուղղաթիռի վայրէջքի հրապարակ, Patriot զենիթային համակարգեր և Bradley զրահապատ մեքենաներ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սարքավորումները տեղափոխել են Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլ։ Նշվում է նաև, որ բազան զբաղեցրել էր միայն ամերիկյան բանակը, այնտեղ քուրդ զինյալներ չկան։

Ամերիկյան անվտանգության ուժերը նախկինում Իսրայելի պաշտպանության նախարարությանը տեղեկացրել էին, որ Միացյալ Նահանգները կսկսի զորքերի փուլային դուրսբերումը Սիրիայից։

Իսրայելական Ynet պորտալի տվյալներով՝ Իսրայելը փորձել է կանխել դա՝ վախենալով տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության ուժեղացումից։ Սակայն հայտնի է դարձել, որ այդ ջանքերը հաջողություն չեն ունեցել։

Դեկտեմբերին Պենտագոնը հայտարարել էր, որ Սիրիայում կա մոտ 2000 ամերիկացի զինվոր, տասից ավելի ռազմաբազա, որոնք հիմնականում կենտրոնացած են երկրի հյուսիսում։