Արկադի Չերչինյանը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

Արկադի Չերչինյանը հետևել է Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Կարեն Բադալյանը, Սերժիկ Պետրոսյանը, Խաչատուր Մկրտչյանը հետևել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին։
Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները նախ եղել են կապալառուի՝ “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” համատեղ ձեռնարկության շինարարական բազայում, որտեղ շինարարի և տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ֆիզիկական ու ֆինանսական առաջընթացը։
Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է կառուցել 32կմ ճանապարհ, 17 կամուրջ, 2 թունել, 19 հենապատ, 17 մեծ տրամաչափի խողովակներ, 6 անասնանցում, 5 փոխհատում և 30 երկրորդական ճանապարհներ։ Այս պահին մեծ ծավալով կատարվում են հողային, թունելի հորատման աշխատանքներ։ 6 կամուրջներ գտնվում են բետոնացման փուլում, 11 կամուրջների վրա արվում են հողային, հիմքերի կառուցման աշխատանքներ։ Մոտ 350 մետր երկարության թունելի շուրջ 250մ-ն արդեն հորատվել է։ Կառուցվել են մոտ 350մ երկարությամբ հենապատեր։ Կատարվել են նաև այլ աշխատանքներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը շինարարի և տեխհսկողի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Հյուսիս-հարավ ծրագիրը։
«Մեր խնդիրն է աշխատանքները կատարել բարձր որակով և ըստ սահմանված ժամանակացույցի։ Ռազմավարական նշանակության ճանապարհը կապում է հանրապետության հարավը և հյուսիսը, այն տարանցիկ կարևոր ուղի է, ու պատահական չէ, որ Ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում նշանակումից հետո իմ առաջին այցելությունը հենց Սյունիքի մարզ է և այս ծրագրի շինարարական տեղամասեր»,- նշել է Արկադի Չերչինյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի հետ կապված մի շարք հարցեր։ Կապալառուի կողմից նշվել է, որ սերտորեն համագործակցում են պատվիրատուի, տեխհսկողի ու նախագծողի հետ, և ցանկացած հարց լուծվում է համագործակցության արդյունքում։ Տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի ղեկավարը տեղեկացրել է, որ արվում է ամեն ինչ՝ աշխատանքները նշված ժամկետներում կատարելու համար։ Այս պահին շինհրապարակում ներգրավված են 250 անուն մեքենա-մեխանիզմներ, մոտ 350 աշխատողներ։ Ընդ որում, մայիս-հունիս ամիսներին նախատեսված է այդ թիվն ավելացնել, ինչը կնպաստի ցուցանիշների մեծացմանը։
Այնուհետև ծրագրի պատվիրատուի, կապալառուի և տեխնիկական հսկողի ներկայացուցիչներն այցելել են շինարարական տեղամասեր՝ տեղում դիտարկելով աշխատանքների ընթացքը։