Եվրոգոտու գնաճը մարտին դանդաղել է մինչև 2.2%

Եվրոգոտում սպառողական գները մարտին տարեկան կտրվածքով աճել են 2.2%-ով: Այս են վկայում Եվրոպական միության վիճակագրական ծառայության վերջնական տվյալները։
Այսպիսով, գնաճը դանդաղել է փետրվարի 2.3%-ի համեմատ։
Trading Economics փոխանցմամբ՝ արդյունքը համընկել է նախապես հայտարարված տվյալների հետ։ Վերլուծաբանները նույնպես չէին ակնկալում վերանայում:
Մարտին գնաճի տեմպերն ամենացածրն էին՝ 2024 թվականի նոյեմբերից ի վեր։
Անցած ամիս ծառայությունների գների աճը փետրվարի 3.7%-ից դանդաղել է մինչև 3.5%, իսկ սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի գների աճը 2.7%-ից արագացել է մինչև 2.9%: Արդյունաբերական ապրանքները մարտին նախորդ ամսվա համեմատ թանկացել են 0.6%-ով: Էներգիայի գներն ընկել են 1%-ով՝ փետրվարի 0.2% աճից հետո։
Սպառողական գներն, առանց սննդամթերքի և էներգիայի, աճել են 2.4%-ով, ինչն ամենաթույլ աճն է 2022 թվականի հունվարից ի վեր: Փետրվարին աճը կազմել է 2.6%:
Մարտին եվրոգոտում սպառողական գները նախորդ ամսվա համեմատ աճել են 0.6%-ով։ Ի դեպ, սա 11 ամսվա ընթացքում ամենազգալի աճն է: