Երեք ուղղությամբ պետական աջակցություն կտրամադրվի ԲՏԱ ոլորտում

Երեք ուղղությամբ պետական աջակցություն կտրամադրվի ԲՏԱ ոլորտում

Նախորդ տարի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության ոլորտի համար պետական աջակցության ծրագիր գործարկվեց: Դրան առնչվող պետական աջակցության կարգերը սահմանելու մասին որոշման նախագիծը Կառավարության՝ ապրիլի 17-ի նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, որի համաձայն՝ 3 ուղղությունով Կառավարությունն աջակցություն կտրամադրի բարձր տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող այն տնտեսվարողներին, որոնց տնտեսական գործունեության գործակիցը 90 և ավելի տոկոս է բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Առաջին ուղղությունը աշխատանքային միգրանտներն են, այսինքն՝ այն աշխատակիցները, որոնք տնտեսվարող սուբյեկտները ներգրավել են 2022-ի մարտի 1-ից սկսած, որոնց ուղղությամբ տնտեսվարողները եկամտահարկ չեն վճարել մինչև այդ պահը:

Երկրորդ ուղղությունը նոր աշխատակիցների համար սահմանված աջակցությունն է և մասնագիտական կադրերի վերապատրաստման համար սահմանվող աջակցությունն է: Մասնավորապես՝ աշխատանքային միգրանտների ներգրավման պարագայում ուզում եմ հիշեցնել, որ եկամտահարկի 60 տոկոսի չափով պետական աջակցություն է տրվելու ընկերություններին մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ 2026-ի հունվարի 1-ից սկսած՝ արդեն ուղիղ աշխատակիցներին է տրվելու միգրանտների աջակցությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է նոր աշխատակիցներին, ապա նրանց ներգրավելու պարագայում տնտեսվարողները եկամտահարկի 60 տոկոսի չափով պետական աջակցություն կստանան, իսկ վերապատրաստման պարագայում ընկերությունները 3 ամսվա համար եկամտահարկի 50 տոկոսի չափով պետական աջակցություն կստանան:

Պետական աջակցությունը եռամսյակը մեկ կստանան ընկերությունները գործարկված էլեկտրոնային հարթակի միջոցով: Ապրիլի 21-ից մինչև մայիսի 20-ը հարթակի միջոցով ընկերությունների տնօրենները, տնտեսվարող սուբյեկտները կարող են դիմել պետական աջակցությունից օգտվելու համար:

«2026 թվականի հունվարի 1-ից ընկերություններն այլևս միգրանտների ներգրավման համար աջակցություն չեն ստանալու, այլ ուղիղ աշխատակիցներն են ստանալու»,- պարզաբանեց նախարարը: