Խորհրդարանը քննարկել է «Կրիպտոակտիվների մասին» մայր օրենքը

Օրենսդրական փաթեթը միտված է Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանը: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ քննարկման ներկայացնելով է «Կրիպտոակտիվների մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթը:
Նրա խոսքով աշխարհում ստեղծվել են նոր հնարավորություններ ավելի հարմարավետ ֆինանսական ծառայություններ մատուցելու համար, սակայն, միաժամանակ, առաջացել են բազմաթիվ ռիսկեր փողերի լվացման և սպառողների շահերի պաշտպանության հետ կապված, և այստեղ կարևոր է հնարավորություններն ու ռիսկերը հավասարակշռելը:
Ոլորտի զարգացման տեսանկյունից զեկուցողը կարևորել է դաշտում գործող ընկերությունների համար իրավական որոշակիության ապահովումը:
Արմեն Նուրբեկյանը նշել է, որ Կենտրոնական բանկը տեխնոլոգիա կարգավորելու իրավասություն չունի, այն կարգավորելու է ֆինանսական հիմնական ռիսկերը: Նա ներկայացրել է հիմնական կարգավորվող գործունեության տեսակները: Դրանք են՝ առևտրային հարթակի գործարկում, ակտիվին կցված թոքենների (stablecoins) առաջարկ, կրիպտոակտիվների պահառություն, իր հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք (փոխանակում), հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առուվաճառք, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների փաթեթի կառավարում, խորհրդատվություն, կրիպտոակտիվների փոխանցում: Ծառայությունների մատուցման համար սահմանված են մի շարք, այդ թվում՝ հաճախորդներին պատկանող միջոցների պաշտպանությանն ուղղված պահանջներ:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը տեցեկացրել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են քննարկումներ. հանձնաժողովը որոշել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում եւս մեկ քննարկում անցկացնել: Նա նշել է, որ օրենսդրական նախաձեռնությանը հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է նաև կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ նշելով, որ հարցի վերաբերյալ հանրությանն իրազեկելու կարիք կա: