Խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է

Մեկ տարում Սիսիան խոշորացված համայնքի Գորայք բնակավայրի բնակիչ Կարեն Պետրոսյանը անասնագլխաքանակը կրճատել է 20 հատով՝ 32 գլխից հասցնելով 12-ի: Ֆերմերը Ագրոպրեսի հետ զրույցում անկեղծանում է՝ ինքն էլ համագյուղացիներից շատերի պես ուզում է չարչարանքը նվազեցնել:
Անասնաբույծի խոսքով՝ այսօր Գորայքի բնակիչների մեծ մասը հրաժարվել են անասնապահությունից:
Համայնքապետարանի տրամադրած տվյալներով՝ 2010 թվականից այստեղ 3, 5 անգամ անասնագլխաքանակը պակասել է: Այս տարվա տվյալներով՝ անցած տարվա 590 խոշոր եղջերավորի փոխարեն հիմա համայնքում 494 -ն է հաշվառված, 270 հատ էլ մանր եղջերավոր կա: Գորայքում հիշեցնում են՝ 7-8 տարի առաջ համայնքում միայն երկու հոգու 350 մանր կենդանի ունեին, իսկ ընդհանուր գլխաքանակը 2200-ի էր հասնում: Անասնապահությունից հրաժարվելու պատճառն, ըստ գյուղացիների, անասնակերի խնդիրն է ու կաթի գինը:
«Երեք տարի անընդմեջ երաշտ եղավ, մարդիկ ծախեցին անասուններին, երկու տարի առաջ կաթի գինը բարձրացավ, սկսեցին նորից անասուն պահել: Հիմա 130 դրամ է, նորից ծախեցին, որովհետև կովից ստացած եկամուտը ծախսում ենք իրա վրա: Կաթի մեկ լիտրը 140 դրամ է, կես լիտր ջրի գին չի էլի: Կաթի մեկ լիտրի ինքնարժեքը 115 դրամ է կազմում՝ հովիվի փողով, կերի և խոտի գումարը ներառյալ, 25 դրամը չնչին գումար է, որ մեզ է մնում: Կովին էլ 3 ամիս ես կթում»,- ընդգծեց անասնապահը:
Կարեն Պետրոսյանն ասում է՝ անասնագլխաքանակը պակասել է նաև արտագաղթի հետևանքով. Գորայքում 120 տնտեսությունից 65-ն է մնացել, մյուսներն էլ կենդանիներին վաճառել են և Երևան աշխատելու գնացել:
Թեև հստակ թվերով դեռ չեն հաշվարկել, բայց Աշոցքի ավագանու անդամ Արտուշ Մանուկյանի պնդմամբ՝ անասնագլխաքանակը կրճատվել է թե՛ խոշորի, թե՛ մանրի դեպքում:
«Մսի գինն էլ է հիմա ցածր: Մարդիկ նախկին էնտուզիազմով անասուն չեն պահում, այլ գործ են գտնում՝ շինարարությունում են աշխատում, դրա համար էլ անասուն չեն ուզում պահել, ավելի հեշտ կյանքով են ուզում ապրել»,- նկատեց նա:
Պատկերն ավելի մտահոգիչ է Կրասար բնակավայրում, որտեղ, ըստ գյուղացիների, շուրջ 270 գլուխ կովի մոտ բրուցելոզ է հաստատվել:
«Ի՞նչ անասնապահության մասին է խոսքը, գյուղում էլ կով չկա, մենակ իմ գոմից 50 գլխից 37-ի մոտ բրուցելոզ հաստատվեց, մորթեցինք մսի կիլոն 700 դրամ փոխհատուցում տվեցին տարան: Էդ անասունների միջոցով էինք ապրում, սովի առաջ ենք կանգնելու»,-նեղսրտեց ֆերմեր Բաբկեն Սահակյանը:
Խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է
Ոչ միայն անասնապահներն են փատում, որ պակասել է խոշոր եղջերավորների գլխաքանակն, այլև՝ պաշտոնական թվերը:
Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներով՝ հանրապետությունում տարեսկզբի՝ 2025թ հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 475 հազար 835 խոշոր եղջերավոր կենդանի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ նվազել է 3.2 տոկոսով
Հունվարի 1-ի դրությամբ հաշվառված կովերի գլխաքանակը կազմել է 201 հազար 281, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.7 տոկոսով:
Բայց միայն խոշոր եղջերավորների գլխաքանակը չի նվազել, այլ նաև մանրերինը: Այսպես. հունվարի 1-ի դրությամբ ոչխարների գլխաքանակը կազմել է 668 հազար 368՝ նվազելով 3.2 տոկոսով: Հաշվառված այծերի գլխաքանակը հունվարի 1-ի դրությամբ կազմել է 17 հազար 382՝ նվազելով 10.8 տոկոսով:
Գեղարքունիքի մարզի Մարտունի բնակավայրում, որտեղ անասնապահությունը գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է նույնպես պակասել է կովերի գլխաքանակը:
Վարչական ղեկավար Վահրամ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ 2 տարում 700 գլուխ խոշոր եղջերավորների թիվը կրճատվել և հասել է 400-ի: Հովհաննիսյանը մի քանի պատճառ է մատնանշում, թե ինչու գյուղացիներն այլևս անասուն չեն պահում:
«Գլխավոր խնդիրը կաթի մթերման գին է, եկամտաբերություն չկա: Մի կողմից էլ հիվանդություններ են լինում, երբ գյուղացիները հարկադիր սպանդի են ենթարկում անասուններին: Կաթի մթերման գինը տարբեր սեզոնի տարբեր է, բայց մթերման գինը լիտրը 100 դրամից է սկսվում: Բենզինը, որ թանկանում է խոտ հավաքելու ծառայություններն էլ են թանկանում: Ստացվում է՝ կաթի ինքնարժեքը բարձանում է, բայց մթերման արժեքը չի փոխվում, մնում է նույնը, արդեն պահելը ձեռ չի տալիս»,-բացատրեց մեր զրուցակիցը:
Հարևան Գետիկ, Վահան գյուղերի բնակիչները ևս նշեցին, որ իրենք նույնպես տարեցտարի կրճատում են անասնագլխաքանակը, քանի որ գյուղատնտեսության այս ճյուղը ոչ եկամտաբեր է դարձել: Անասնապահներից մեկն էլ դժգոհեց, որ վերջին տարիներին կովերի ծնելիությունն է նվազել, փորձում են արհեստական սերմնավորման միջոցով բաձր ցեղատեսակի կենդանիներ բուծել, բայց այդ ծրագիրն էլ թանկ է, ոչ բոլորն են կարողանում օգտվել:
Խոզաբուծության ոլորտում էլ պատկերը գոհացնող չէ, այստեղ ևս անկում է արձանագրվել: Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2.5 տոկոսով նվազել է նաև խոզերի գլխաքանակը՝ կազմելով 182 հազար 315:
Մի հոգի ներկրում է, 1000 հոգի՝ «սկում»
Բուրաստանցի Զոհրապ Թորոյանը շեշտում է՝ խոզի մսի ինքնարժեքը բարձ է՝ մեկ կիլոգամը 2300 դրամ է նստում արտադրողի վրա, հետևաբար, շահույթ չեն կարողանում ստանալ:
«Մի կողմից խոզի կերը թանկ է, մյուս կողմից էլ, թեև աշտոնապես ասում են, որ խոզի ներկրումն արգելված է, բայց շարունակվում են ներկրումները: Հայաստանի արտադրողներն էլ չեն կարողանում նորմալ գնով վաճառել: Այսօր շուկայում խոզի մսի գինը 2300 դրամի սահմաններում է: Ներկրումները մեծ խոչընդոտ են մեզ համար: Մի հոգի դրսից ներմուծում է, բերում է 100 ֆուռ խոզ, մի ամսվա մեջ լավ փող է աշխատում, իսկ 1000 հոգի խոզատերեր աշխատում են ու սկում»,-մտագոհություն հայտնեց ֆերմերը և հայտարարեց, որ ներկրումները պետք է արգելվեն, հակառակ դեպքում Հայաստանում խոզաբուծությունը կվերանա:
Աղբյուրը՝ agropress.am