Ընկերությունները կունենան իրենց գնումների կատարման կարգերը

Ընկերությունները կունենան իրենց գնումների կատարման կարգերը

«Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կկատարվի։  Գործադիրը հավանություն է տվել  օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է ինչպես օրենքի իմաստով պատվիրատու հանդիսացող հանրային կազմակերպությունների շրջանակի ընդլայնմամբ, այնպես էլ վերջիններիս կողմից կատարվող գնումների նկատմամբ առավել հրապարակային և թափանցիկ պայմաններ սահմանելու անհրաժեշտությամբ, այդ թվում՝ վերջիններիս կողմից կատարվող գնումների նկատմամբ ևս պարտադիր դարձնելով հանրային հսկողության մեխանիզմի կիրառումը:

Նախագծով նախատեսվում է սահմանել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հաստատված ցանկում ներառված հանրային կազմակերպությունները գնումներ կարող են կատարել իրենց ազդեցության տակ գտնվող ընկերություններից, պայմանով, որ վերջիններս ևս իրենց կարիքների համար կատարվող գնումները կկատարեն «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգավորումներով: Նման ընկերությունների ցանկը կհաստատի ՀԾԿՀ-ն՝ հանրային ծառայություններ մատուցող կազմակերպության դիմումի հիման վրա:

Ընկերությունները կունենան իրենց գնումների կատարման կարգերը, որոնք չպետք է հակասեն նշված օրենքով սահմանված նպատակներին և սկզբունքներին: Առաջարկվում է նաև, որ հանրային կազմակերպությունների և վերջիններիս ազդեցության տակ գտնվող ընկերությունների կողմից կնքված պայմանագրերի կատարման նկատմամբ պարտադիր դարձնել հանրային հսկողության մեխանիզմների կիրառումը:

Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրային կազմակերպությունների կողմից կատարվող գնումների թափանցիկության և հրապարակայնության մակարդակը: