ԵՏՄ անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ

Գործադիրը հավանություն է տրվել ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԵԱՏՄ «Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին» արձանագրության համաձայն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ հաստատված ԵՏՄ անդամ պետություններից մեկի տարածքում գրանցված փոխադրողների կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետության տարածքում գտնվող կետերի միջև բեռների ավտոմոբիլային փոխադրումների իրականացման փուլային ազատականացման՝ 2016-ից մինչեւ 2025 թ. ընկած ժամանակահատվածի համար ծրագրի կատարման ապահովմամբ։
Ծրագիրը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության միասնական տրանսպորտային տարածքի, տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և անդամ պետությունների կողմից ավտոտրանսպորտային ծառայությունների տրամադրման փուլային ազատականացմանն ուղղված գործընթաց։ Մասնավորապես՝ սահմանվում է, որ ԵՏՄ անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կարող են իրականացվել կաբոտաժային փոխադրումներ (փոխադրում, որը կատարվում է Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գտնվող երկու կետերի միջև մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով)։
Միության անդամ պետությունների փոխադրողների կողմից ՀՀ տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու պահանջները կհաստատվեն լիազոր մարմնի կողմից։ Կաբոտաժային փոխադրումների ազատականացման արդյունքում կստեղծվեն պայմաններ ավտոտրանսպորտային ծառայությունների շուկայում մրցակցության զարգացման և բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների արդիականացման համար։ Կաբոտաժային փոխադրումների ազատականացումը Միության շրջանակներում բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունների տրամադրման միասնական պայմանների ու կանոնների սահմանումն է։