Զբոսաշրջության դերը տնտեսության մեջ բարձրացնելու նպատակով Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլար

Զբոսաշրջության դերը տնտեսության մեջ բարձրացնելու նպատակով Համաշխարհային բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն դոլար

Համաշխարհային բանկի խմբի Գործադիր տնօրենների խորհուրդն ապրիլի 18-ին հաստատել է 100 միլիոն դոլար արժողությամբ ծրագիր, որի նպատակն է բարելավել դիմակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և բարձրացնել զբոսաշրջության դերը Հայաստանի տնտեսության մեջ։

Ինչպես տեղեկանում ենք Համաշխարհային բանկի տարածած հաղորդագրությունից, ծրագիրը կստեղծի աշխատատեղեր, կներգրավի մասնավոր ներդրումներ և օգուտներ կբերի առաջնահերթության կարգով ընտրված յոթ համայնքների բնակիչներին և այցելուներին։

Նշվում է, որ Զբոսաշրջության և տարածաշրջանային ենթակառուցվածքների բարելավման ծրագիրը նպատակ ունի հասցեագրել Հայաստանի զբոսաշրջության ոլորտում առկա հիմնական սահմանափակումները:

Ակնկալվում է, որ ծրագիրն ամեն տարի կունենա ավելի քան 1 միլիոն շահառու՝ ներառյալ բնակիչներն ու այցելուները՝ շնորհիվ բարելավված ճանապարհների և քաղաքային ենթակառուցվածքի ընդլայնված հասանելիության, ինչպես նաև ընտրված վայրերում առավել զարգացած զբոսաշրջային փորձառության։

Ծրագիրը կօգնի առավելագույնի հասցնել մայրաքաղաքից դուրս գտնվող զբոսաշրջային գոտիների տնտեսական և աշխատատեղերի ստեղծման ներուժը: Սա հնարավոր  կլինի իրականություն դարձնել՝ խթանելով զբոսաշրջային այնպիսի փորձառություններ, որոնք ավելի կայուն և երկարաժամկետ եկամուտներ են ապահովում,  ինչպես նաև զբոսաշրջության արժեշղթայում բիզնեսի և մասնագիտական ​​հմտությունների կատարելագործման միջոցով։

Այս ջանքերը կնպաստեն նաև բնակիչների կյանքի որակի բարձրացմանը և թիրախային շրջաններում տնտեսական ակտիվության բարձրացմանը:

 «Բարելավելով  ենթակառուցվածքները և խրախուսելով կայուն զբոսաշրջությունը՝ այս ծրագիրը ոչ միայն հիմնական ուղղությունները կդարձնի ավելի գրավիչ, այլև կօգնի ստեղծել աշխատատեղեր և խթանել տեղական տնտեսական աճը: Ծրագիրը համահունչ է Հայաստանի համար առաջիկա հինգ տարիների Համաշխարհային բանկի «Երկրի գործընկերության շրջանակին», որն ուղղված է արտահանման և բիզնեսի մրցունակության բարձրացմանը, մարդկանց կարողությունների և տնտեսությանը մասնակցելու հնարավորությունների ամրապնդմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ավելի լավ ու երկարաժամկետ կառավարման ապահովմանը», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը:

Ծրագիրը նաև կուժեղացնի զբոսաշրջության ոլորտում ներգրավված հաստատությունների կարողությունները, կխթանի մասնավոր հատվածի մասնակցությունը և կթանի աղետների նկատմամբ դիմակայունությունը յոթ զբոսաշրջային գոտիներում՝ Արենիում, Դիլիջանում, Դվինում, Գորիսում, Գյումրիում, Ջերմուկում և Եղեգիսում։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին աղքատության կրճատման և ավելի բարեկեցիկ ու դիմակայուն ապագա ստեղծելու զարգացման ճանապարհին: 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել, այդ թվում մոտ 300 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը, ներառյալ ներդրումային վարկավորումը, դրամաշնորհների տրամադրումը, վերլուծական աշխատանքն ու տեխնիկական աջակցությունը: Հայաստանն աջակցություն է ստացել Միջազգային զարգացման ընկերակցությունից (ՄԶԸ), որի դոնոր երկիր դարձավ 2023 թվականին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) և հավատարմագրային հիմնադրամներից։