Տեղի է ունեցել ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը

Ապրիլի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգին ընդառաջ, տեղի է ունեցել 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի շնորհանդեսը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Բացմանը խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Հանդիպման առաջին հատվածում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցը՝ հանգամանորեն անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված քայլերին:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում իրականացված իրավական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ կարևորելով, ի թիվս այլոց՝ խոցելի խմբերի պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավունքների ապահովումը, կառուպցիայի դեմ պայքարը, խտրականության բացառումը: Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև այն մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն իր միջազգային պարտավորություններն իրականացնելիս:
Հանդիպման երկրորդ հատվածում ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրել է Հայաստանի նոր նախաձեռնությունը՝ Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմը:
Անդրադառնալով մեխանիզմի առավելություններին՝ ընդգծվել է, որ այն ուղղված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման, սահմանված ժամկետներում մոնիթորինգային մարմիններին ներկայացվող զեկույցների նախապատրաստման ու պետությանը տրված հանձնարարականների հետագա ընթացքի ապահովման արդյունավետության բարձրացմանը: Շեշտվել է, որ այս Մեխանիզմի արդյունավետ կիրառման պարագայում, այն կարող է դառնալ մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգի բաղկացուցիչ մաս՝ փոխկապակցելով մարդու իրավունքների միջազգային և տարածաշրջանային նորմերն ազգային առաջնահերթությունների հետ: