ԱՄՆ-ը կփակի մի շարք դեսպանատներ. NYT

Դոնալդ Թրամփի վարչակազմը ծավալուն փոփոխություններ է ծրագրում Պետդեպարտամենտում, պնդում է The New York Times-ը, որի տրամադրության տակ է հայտնվել նախագահական հրամանագրի 16 էջանոց նախագիծը։ Ըստ այդմ, նախատեսվում է փակել ժողովրդավարության, մարդու իրավունքների, փախստականների հարցերով զբաղվող բաժինները, մի շարք երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ, ինչպես նաև դադարեցնել Աֆրիկայում իրականացվող գրեթե բոլոր ծրագրերը։
Ըստ հրապարակման, Սպիտակ տան ղեկավարն այս փոփոխությունների հրամանագիրը կարող է ստորագրել գալիք շաբաթվա ընթացքում՝ աշխատանքից զրկելով պետդեպարտամենտում աշխատող բազմաթիվ դիվանագետների և քաղծառայողների։
Ավելի վաղ նույն պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է գրեթե կիսով չափ կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը, փակել 10 երկրների դեսպանատներ և 17 երկրների հյուպատոսություններ։
Պաշտոնական աղբյուրները այս հրապարակումներին դեռ չեն արձագանքել։