Սա փոքր թիվ է` մինչ այսօր մոտ 35 հազար քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել․ Թունյան

Մինչ այժմ մոտ 35 հազար քաղաքացի է հայտարարագիր ներկայացրել։ Այսօր ԱԺ-ում հայտնեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Սա հայտարարագրման պարտավորություն ունեցողների շատ փոքր տոկոսն է կազմում»,- ասաց Թունյանը։
Նրա խոսքով՝ այս ցուցանիշի համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան։ Ըստ նրա՝ զգալի մասը հայտարարագիր չի լրացնում նույնականացման քարտ ստանալու գործընթացի ձգձգման հետ կապված։ Մի մասն էլ արդեն մի քանի ամիս է՝ գիտի, որ հայտարարագրման վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև նոյեմբերի 1-ը։ Իշխանական պատգամավորի կարծիքով՝ երրորդ պատճառն էլ այն է, որ ընդդիմադիր որոշ շրջանակներ դեմոնիզացրել են հայտարարագրման համակարգը, ուստի իրենք ստիպված են մեծ աշխատանք կատարել քաղաքացիների հետ։
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն էլ հավելեց, որ 15 հազար մարդ հայտարարագիր լրացրել է սոցիալական վճարները հետ ստանալու համար։ Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող քաղաքացիների ընդամենը 5 տոկոսն է լրացրել։
Նշենք, որ այսօր խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարց։ Առաջին ընթերցմամբ ընդունելու դեպքում օրինագիծը կքննարկվի 24-ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար։