Չինաստանը զգուշացնում է, որ միջոցներ կձեռնարկի իր շահերը խախտող երկրների նկատմամբ

Չինաստանը զգուշացնում է, որ միջոցներ կձեռնարկի իր շահերը խախտող երկրների նկատմամբ

Չինաստանն ապրիլի 21-ին խստորեն դատապարտել է ի վնաս Պեկինի ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրեր կնքող երկրներին՝ խոստանալով պատասխան միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր աջակցում են Վաշինգտոնին սակագնային պատերազմում: «Նման մոտեցումն ի վերջո կտապալի երկու կողմին էլ ու կվնասի մյուսներին»,- AFP գործակալությունը մեջբերել է ՉԺՀ առևտրի նախարար Վան Վենտաոյի խոսքը:

Հայտարարությունը հնչել է ի պատասխան ԱՄՆ վարչակազմի ծրագրի, որով նախատեսվում է մյուս երկրների հետ մաքսատուրքային բանակցություններն օգտագործել նրանց վրա ճմշում գործադրելու համար՝ սահմանափակելու Չինաստանի հետ այդ պետությունների հարաբերությունները։

Ապրիլի 15-ին ամերիկյան The Wall Street Journal (WSJ) թերթը հաղորդել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են պահանջել, որ արտասահմանյան երկրները սահմանափակեն առևտուրը Չինաստանի հետ ներմուծման մաքսատուրքերի վերացման շուրջ բանակցությունների ընթացքում։ WSJ-ի տվյալներով՝ Սպիտակ տունը պահանջելու է, որ օտարերկրյա պետություններն արգելեն Պեկինին իրենց տարածքով ապրանքներ տեղափոխել, թույլ չտան չինական ընկերություններին այնտեղ գրասենյակներ բացել և կանխել Չինաստանից էժան արդյունաբերական բաղադրիչների մուտքն իրենց շուկաներ։