Շիրակի մարզպետն ընդունել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը ապրիլի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։
«Ուրախ եմ փաստել, որ Եվրոպական միության կողմից մարզում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, դրանց մի մասն էլ այժմ ընթացքի մեջ են։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է լիազորությունների շրջանակում աջակցել ու անել հնարավորը մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների օր առաջ իրականացման համար»,-ողջունելով դեսպանին՝ նշել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։
Դեսպան Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ գնահատելի է համարում, երբ տեսնում է նման նախաձեռնողականություն ու պատրաստակամություն: «Ուրախ եմ, երբ տեսնում եմ ձեր պատրաստակամությունն ու վստահ եմ, որ այս փուլում մեր համագործակցությունը կարող է առավել արդյունավետ ստացվել, քանզի ձեր փորձագիտական կարողությունները կօգնեն մեզ նոր ծրագրերի նախագծման ու իրականացման գործում։ Մեր ծրագրերը շուտով նոր օրակարգով կիրականացվեն՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ և հավատացած եմ, որ Շիրակում ևս կշարունակենք արդեն մեկնարկած ծրագրերն ու նորերի մասին առիթ կունենանք խոսելու»,-նշել է Վասիլիս Մարագոսը։
Քննարկվել են նաև Գյումրիում Եվրոպայի օրվան նվիրված՝ մայիսի 6-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր։