Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր

Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ պարզեցվել և հստակեցվել են քաղաքաշինական մի շարք ընթացակարգեր՝ ոլորտի ներկայացուցիչների առաջարկները և արդի պահանջները հաշվի առնելով։

Մասնավորապես՝ մինչ այժմ չեն եղել էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների վերաբերյալ կարգավորումներ։ ՀՀ կառավարության 2015թ. մարտի 19-ի 596-Ն որոշման մեջ կատարված լրացումներով և փոփոխություններով՝ հստակեցվել է էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ռիսկայնության աստիճանը։ Տարբերակված մոտեցում է նախատեսվել ստորգետնյա և վերգետնյա հանրային տարածքներում կայանների տեղադրման պարագայում։

Հայաստանում 5G ցանցի ներդրմանն աջակցելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն շարժական կապի օպերատորների առաջարկով պարզեցրել է բջջային կապի բազային կայանքների տեղադրման քաղաքաշինական ընթացակարգերը։ Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով նախատեսված բջջային կապի դաշտային կայանքները դասակարգվել են միջին ռիսկայնության (lI կատեգորիայի) օբյեկտների ցանկում, իսկ բնակելի շենքերի, հասարակական և արտադրական օբյեկտների տանիքներում տեղակայվող կայանքները՝ միջինից բարձր ռիսկայնության (lII կատեգորիայի) ցանկում։

Հաշվի առնելով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում urban.e-gov.am հարթակի առանձնահատկությունները՝ նախատեսվել են նաև ավարտական, շահագործման և ընդունող հանձնաժողովի ակտերի օրինակելի ձևերի լրացման պարզեցված պայմաններ միջին ռիսկայնության աստիճանի օբյեկտների համար։

Մյուս փոփոխությունը կնպաստի քաղաքաշինական ծրագրերի նախագծման աշխատանքների ժամանակին մեկնարկմանը։ Սահմանվել է պարտադիր պահանջ, որ պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի դեպքում պատվիրատուն է պարտավոր մինչև նախագծային աշխատանքների մեկնարկը ձեռք բերել ինժեներական հաղորդակցուղիների տեխնիկական պայմանները և փոխանցել նախագծողին։