Լրացումներ ու փոփոխություն ՀՀ աշխատանքային օրենսգրքում

Լրացումներ ու փոփոխություն ՀՀ աշխատանքային օրենսգրքում

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 22-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունը:

Կառավարությունն օրենքի նախագծով առաջարկում է աշխատողի, այդ թվում` հանրային ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պահից մինչեւ այն` այլ խափանման միջոցով փոխելը կամ վերացնելն աշխատողի լիազորությունները համարել կասեցված, եթե դատարանի որոշմամբ բնակության տարածքը չլքելուց բացի կիրառվել են աշխատանքային պարտականությունների կատարման հետ անհամատեղելի սահմանափակումներ: Նշված սահմանափակումները կիրառված չլինելու դեպքում առաջարկվում է չկասեցնել տնային կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ աշխատողի լիազորությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար եղանակով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը հանդես է եկել մի քանի առաջարկով:

Ըստ այդմ՝ գործատուն հիմք է ընդունում տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման վերաբերյալ քննիչի տրամադրած գրավոր տեղեկացումը:

Մեկ այլ առաջարկի արդյունքում լրացում է կատարվել նաեւ Քրեական դատավարության օրենսգրքում. տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատանքի վայրի վարչակազմին՝ նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը, կարեւորելով ներկայացված նախագիծը, հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: