Քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը

Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, որի համաձայն՝ պետական արգելոցի տարածքից ջրառ կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակներով ջրամատակարարումն ապահովելու համար եւ երբ այլընտրանքային ջրային աղբյուրներ տվյալ տարածքում առկա չեն: Կարգավորումը վերաբերելու է միայն մինչեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի դեկտեմբերի 2-ի օրենքի ուժի մեջ մտնելն արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային եւ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերին:
Նախարարի խոսքով նախաձեռնության ընդունման հրատապությունը պայմանավորված է Գառնի համայնքի 670 հա ոռոգման տարածքների եւ 1400 բաժանորդների համար ջրի խնդրի լուծմամբ:
«1972 թվականին սովետական կարգերի ժամանակ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում կառուցվել է ջրային համակարգ, որից Գառնի համայնքը ստացել է ոռոգման ջուրը»,- ընդգծել է Հակոբ Սիմիդյանը եւ հավելել՝ ոլորտում վարչարարության խստացման հետեւանքով, այն է՝ բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց ջրաչափեր ունենան, այդ թվում՝ ՋՕ-երը, որոշ դեպքերում վերջիններս սկսել են խնդիրներ ունենալ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կառավարությունն առաջարկում է մինչեւ 1991 թվականի դեկտեմբերի 2-ը, որը համընկնում է անկախ Հայաստանում «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի ընդունման հետ, կառուցված ջրային համակարգերով տրամադրել խմելու կամ ոռոգման նպատակով ջրի օգտագործման թույլտվությունները, եթե ջրի այլ աղբյուր տվյալ տարածքում առկա չէ:
Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
ԱԺ որոշմամբ օրակարգային հարցի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: