Կապահովվի ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը

Կապահովվի ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը

Կառավարությունը լրացում է կատարել «Պետական գույքի կառավարման ոլորտում ՀՀ անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու և պետական գույքի գրավադրման պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ:

Առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ:

Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել, որ ուղղակի ձևով պետական գույքի մասնավորեցման, օտարման կամ օգտագործման տրամադրման մասին համապատասխան իրավական ակտերով սահմանված ներդրումների չափը և կատարման ժամկետները բավարար իրավական և տնտեսական հիմնավորման առկայության դեպքում կարող են փոփոխվել՝ կոմիտեի համաձայնությամբ և ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ։ Ընդ որում՝ փոփոխման են ենթակա միայն այն ներդրումները, որոնց չկատարման համար հաշվարկված տուգանքները արդեն իսկ վճարվել են։

Որոշման մշակման համար հիմք է հանդիսացել նաև այն հանգամանքը, որ վերջին տարիներին տնտեսական պայմանները՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակով, փոփոխվել են, և վերջիններս կարող են անմիջական ազդեցություն ունենալ ներդրողների ֆինանսական հնարավորությունների և ծրագրերի իրականացման վրա։ Արդյունքում՝ ներդրումների չափի ճկուն փոփոխությունը հնարավորություն կտա ներդրողներին հաղթահարել ժամանակավոր դժվարությունները և շարունակել ծրագրերը՝ ապահովելով դրանց ավարտը: Կվերացվեն ծրագրերի ձախողման կամ դադարեցման ռիսկերը, ինչը կնպաստի պետական գույքի արդյունավետ օգտագործմանը: Չկատարված ներդրումների տուգանքների պարտադիր վճարումը կպահպանի պետական եկամուտների մակարդակը, կնվազեն ռիսկերն, որ չկատարված ներդրումների պատճառով պետությունը ֆինանսական կորուստներ կունենա: Կառավարության կողմից ներդրումային պայմանների ճկուն վերանայման մեխանիզմի կիրառումը կխթանի վստահությունը պետական կառույցների հանդեպ և նոր ներդրողների համար կստեղծվի գրավիչ միջավայր, ինչը կնպաստի տնտեսական ակտիվության աճին: Ներդրումային պայմանագրերի վերանայումը կնպաստի պետական գույքի արդյունավետ և նպատակային օգտագործմանը:

Արդյունքում, գույքը կօգտագործվի՝ համաձայն նրա սկզբնական ծրագրի կամ նպատակների՝ կանխելով դրա անգործությունը կամ վատնումը: Այն թույլ կտա խուսափել ներդրումային ծրագրերի ձախողումից, խթանել տնտեսական աճը, նպաստել պետական և հասարակական շահերի պաշտպանությանը և ապահովել ներդրումային միջավայրի երկարաժամկետ զարգացումը։