Արժույթի միջազգային հիմնադրամը ծրագրում է օգնել Սիրիային վերաինտեգրվելու համաշխարհային տնտեսությանը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ծրագրում է աշխատել Սիրիայի հետ՝ նրան օգնելու համար, որ վերաինտեգրվի համաշխարհային տնտեսությանը, հինգշաբթի ասել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիևան՝ վկայակոչելով այս շաբաթվա՝ երկրին նվիրված հանդիպումը, հայտնում է Reuters-ը։
Գեորգիևան լրագրողներին ասել է, որ Սիրիայի կենտրոնական բանկի ղեկավարը և ֆինանսների նախարարն այս շաբաթ, ավելի քան 20 տարվա ընթացքում առաջին անգամ, մասնակցել են ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային ժողովներին։
«Մեր մտադրությունն առաջին հերթին այն է, որ օգնենք նրանց վերակառուցելու ինստիտուտները, որպեսզի կարողանան ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը»,- ասել է նա:
ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի պաշտոնյաները Վաշինգտոնում հանդիպումների շրջանակում հանդիպել են Սիրիայի պաշտոնյաների և այլ ֆինանսների նախարարների և հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ քննարկելու համար երկրի վերակառուցման հարցը:
Սիրիայի բարձրաստիճան կառավարական պատվիրակության Վաշինգտոն կատարած այցը Սիրիայի նոր իշխանությունների առաջին այցն էր ԱՄՆ՝ դեկտեմբերին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո:
Հունվարին ԱՄՆ-ը վեց ամսով սառեցրեց որոշ պատժամիջոցներ՝ խրախուսելու համար մարդասիրական օգնությունը, սակայն դա սահմանափակ ազդեցություն ունեցավ: Փետրվարին Reuters-ը հայտնել էր, որ պետական հատվածի աշխատավարձերը վճարելու համար օտարերկրյա ֆինանսավորում ներգրավելու ջանքերը չեն արդարացվել ԱՄՆ պատժամիջոցները խախտելու հարցում անորոշության պատճառով: