ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ի աճը կվերադառնա 4,5% ներուժին և զգուշացնում է ռիսկերի մասին

ԱՄՀ–ն ակնկալում է, որ Հայաստանի ՀՆԱ–ի աճը կվերադառնա 4,5% ներուժին և զգուշացնում է ռիսկերի մասին

Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը ընդհանուր առմամբ բարձր կմնա, սակայն 2025 թվականին կվերադառնա իր ներուժին՝ 4.5 տոկոս՝ պայմանավորված առևտրի և ծառայությունների նորմալացմամբ։

Ակնկալվում է, որ գնաճը մինչև 2025 թվականի վերջը կշարունակի մնալ ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) թիրախի շուրջ։ Այս մասին ասվում է Իվա Պետրովայի գլխավորած Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի հայտարարության մեջ մարտի 31-ից ապրիլի 10-ը Հայաստան կատարած այցի արդյունքում։

«Այս հեռանկարի ռիսկերը բխում են աննախադեպ անորոշությունից, որը կապված է գլոբալ առևտրի շարունակվող լարվածության և առևտրային գործընկերների աճի հնարավոր դանդաղեցման հետ։ Տարածաշրջանային աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնք կարող են հանգեցնել կապիտալի վերջին շրջանի ներհոսքի և արտարժույթի տատանողականության փոփոխմանը, նույնպես ազդում են հեռանկարի վրա», – ասվում է Պետրովայի հայտարարության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի տնտեսական բարձր ակտիվությունը պահպանվում է. 2024 թվականին ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 5․9 տոկոս, որը պայմանավորված է սպառման և ներդրումների ակտիվությամբ:

«Զբաղվածության աճը եղել է կայուն, իսկ գնաճը մնում է զսպված՝ 2025 թվականի մարտին տարեկան կտրվածքով աստիճանաբար հասնելով 3.3 տոկոսի՝ սպասումներին համապատասխան։ Ընթացիկ հաշվի պակասուրդը փոքր-ինչ ընդլայնվել է` 2024 թվականին հասնելով ՀՆԱ-ի 3.9 տոկոսին, ինչը պայմանավորված է առևտրի, զբոսաշրջության և տրանսֆերտների ներհոսքի թուլացմամբ։ 2024 թ. հարկաբյուջետային դեֆիցիտը սահմանափակվել է ՀՆԱ-ի 3.7 տոկոսով` պահպանելով կենտրոնական կառավարության պարտքը՝ 48.3 տոկոս չափավոր մակարդակի վրա: Բանկային համակարգն ունի բարձր շահութաբերություն և կապիտալի ու իրացվելիության մեծ բուֆերներ», – նշել են ԱՄՀ–ից։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ:

2025 թվականի պետ​​բյուջեում Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 5.1%։ Կենտրոնական բանկի այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականի արդյունքում կանխատեսվում է 7-4.8%, 2026 թվականին՝ 4.7-4.1%, իսկ 2027 թվականին՝ 4.7-6.1% սահմաններում։

ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կկազմի 5.5%: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 5%-ով, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 4.5%-ով, Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ)՝ 4.8%-ով, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 6%-ով: Fitch Ratings-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4.9%-ով, իսկ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 5.2%-ով, իսկ 2026 թվականին՝ 4.7%-ով։