Լոռու մարզպետն աշխատանքային այց է իրականացրել Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայր

Լոռու մարզպետն աշխատանքային այց է իրականացրել Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայր

Ապրիլի 26-ին, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն այցելել է Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայր։
Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի ուղեկցությամբ մարզպետը շրջայց է իրականացրել բնակավայրում, հետևել պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այստեղ իրականացվող գյուղամիջյան ճանապարհների տուֆ քարով սալարկման աշխատանքներին։

Ներբնակավայրային 3-րդ և 8-րդ փողոցների տուֆով սալարկման աշխատանքների համար, ինչպես հայտնի է, նոր մրցույթ էր հայտարարվել, քանի որ նախկին շինարարի հետ պայմանագիրը խզվել էր պահանջված որակով և ժամկետներում աշխատանքը չկատարելու համար: Մարզի ղեկավարը շինարարների հետ զրույցում նշել է, որ աշխատանքները պետք է իրականացվեն ամենասեղմ ժամկետներում և որակական սահմանված նորմերին համապատասխան, հանձնարարել, որ շինարարության ընթացքը լինի համայնքի ղեկավարի, բնակավայրի վարչական ղեկավարի և մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաների վերահսկողության ներքո։

Արամ Ղազարյանը շրջայցի ընթացքում զրուցել է նաև բնակիչների հետ: Վերջիններիս կողմից մարզի ղեկավարին են ներկայացվել հիմնականում
բնակավայրի գազաֆիկացման, դեպի բնակավայր տանող ճանապարհի հիմնանորոգման խնդիրները։

Իսկ ինչ վերաբերում է էլեկտրականության անխափան մատակարարման հարցին, որը Արամ Ղազարյանին էր ներկայացվել նախորդ հանդիպմանը, ապա բնակիչները երախտագիտությամբ նշել են, որ հարցը վերջին ամիսներին էականորեն կարգավորվել է։

Արամ Ղազարյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով Ձորագյուղում նախատեսվում է իրականացնել միջին ճնշման գազատարի մետաղական խողովակներով կառուցում՝ շուրջ 4700 գծամետր:

Ինչ վերաբերում է ճանապարհի հիմնանորոգմանը և այլ համայնքային խնդիրներին, ապա, ըստ մարզպետի, դրանք ՀՀ կառավարության, մարզպետի աշխատակազմի, համայնքի օրակարգում են և լուծում են ստանում՝ ըստ առաջնահերթությունների և հրատապության։