Գևորգ Պապոյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Գևորգ Պապոյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը կազմում է 600 հազար տոննա։ Նախարարները շրջել են գործարանում, ծանոթացել արտադրական կարողություններին։

«Հանքաարդյունաբերության ոլորտը մեր երկրի տնտեսության առաջնահերթ ոլորտներից է, և Կառավարությունը պատրաստ է աջակցել Կապանի լեռնահարստացման կոմբինատին ներդրումային այնպիսի ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք կնպաստեն ընկերության կայուն զարգացմանը, արդյունավետության բարձրացմանն ու արտադրողականության ավելացմանը»,- շրջայցի ընթացքում նշել է Գևորգ Պապոյանը։

Ընկերության ղեկավարությունը ներկայացրել է կոմբինատի գործունեությունը, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, նշել, որ տարեկան արտադրողականության ծավալները ցանկանում են հասցնել մինչև մեկ միլիոն տոննայի։

Շրջայցին մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Նարեկ Ղահրամանյանը, Կարեն Համբարձումյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, այլ պաշտոնյաներ։