Համաշխարհային ռազմական ծախսերը 2024 թվականին աճել են ռեկորդային 9,4%-ով. SIPRI

Համաշխարհային ռազմական ծախսերը 2024 թվականին հասել են 2,718 տրիլիոն դոլարի, ինչը 9,4%-ով ավելի է, քան 2023 թվականին։
Դա տարեկան հաշվարկով ամենամեծ աճն է սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր: Այս մասին հաղորդել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) նոր զեկույցում։Ինչպես նշում են ինստիտուտի փորձագետները, ռազմական ծախսերն աճել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում, ընդ որում, առանձնապես արագ աճ է նկատվել Եվրոպայում և Մերձավոր Արևելքում։
Հինգ երկրների՝ ԱՄՆ-ին, Չինաստանին, Ռուսաստանին, Գերմանիային և Հնդկաստանին, բաժին է ընկել ռազմական ծախսերի համաշխարհային ծավալի 60%-ը, իսկ նրանց ընդհանուր ծախսերը կազմել են 1,635 տրիլիոն դոլար։
2024 թվականին ամենամեծ պաշտպանական ծախսեր կատարող 15 երկրները բոլորն էլ ավելացրել են այդ ծախսերը։ Համաշխարհային ՀՆԱ-ի՝ ռազմական կարիքներին ուղղվող բաժինը 2024 թվականին աճել է մինչև 2,5%։Եվրոպայում (ներառյալ Ռուսաստանը) ռազմական ծախսերն աճել են 17%-ով՝ մինչև 693 միլիարդ դոլար։
Ռուսաստանի ռազմական ծախսերը 2024 թվականին, SIPRI-ի գնահատմամբ, հասել են 149 միլիարդ դոլարի, ինչը 38%-ով ավելի է, քան 2023 թվականին և կրկնակի գերազանցում է 2015 թվականի մակարդակը։ Անցյալ տարվա ռազմական ծախսերի ծավալը կազմել է ՀՆԱ-ի 7,1%-ը և պետբյուջեի բոլոր ծախսերի 19%-ը, նշում է ինստիտուտը։
Ուկրաինայի ռազմական ծախսերը 2024 թվականին աճել են 2,9%-ով՝ մինչև 64,7 միլիարդ դոլար, ինչը հավասար է Ռուսաստանի ռազմական ծախսերի 43%-ին։ Դրանք կազմել են ՀՆԱ-ի 34%-ը, ինչի պատճառով Ուկրաինան զբաղեցրել է աշխարհում առաջին տեղը ռազմական ֆինանսական բեռի առումով, հաղորդում է SIPRI-ն։
ՆԱՏՕ-ի բոլոր անդամները 2024 թվականին ավելացրել են իրենց ռազմական ծախսերը։ Դաշինքի երկրների ընդհանուր ցուցանիշը կազմել է 1,506 տրիլիոն դոլար։
ԱՄՆ ռազմական ծախսերը 2024 թվականին աճել են 5,7%-ով և հասել 997 միլիարդ դոլարի, ինչը կազմել է 2024 թվականին ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական ծախսերի 66%-ը և համաշխարհային ընդհանուր ծախսերի 37%-ը։ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պաշտպանության համար ծախսել են, ընդհանուր առմամբ, 454 միլիարդ դոլար, ինչը կազմում է դաշինքի ընդհանուր ծախսերի 30%-ը։
Մերձավոր Արևելքում ռազմական ծախսերը 2024 թվականին հասել են 243 միլիարդ դոլարի, ինչը 15%-ով ավելի է, քան 2023 թվականին, և 19%-ով ավելի, քան 2015 թվականին։
Իսրայելի ռազմական ծախսերը աճել են 65%-ով՝ մինչև 46,5 միլիարդ դոլար, ինչը դարձել է ամենախոշոր տարեկան աճը 1967 թվականի Վեցօրյա պատերազմից ի վեր։ Դա, SIPRI-ի կարծիքով, բացատրվում է Գազայում մարտական գործողությունների շարունակմամբ և Լիբանանում հարավում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության հետ հակամարտության սրմամբ։ Լիբանանի ռազմական ծախսերն աճել են 58%-ով՝ մինչև 635 միլիոն դոլար։
Իրանի ռազմական ծախսերը 2024 թվականին նվազել են 10%-ով՝ մինչև 7,9 միլիարդ դոլար։
«Պատժամիջոցների ազդեցությունն Իրանի վրա լրջորեն սահմանափակել է ծախսերը մեծացնելու նրա հնարավորությունները», – նշված է SIPRI-ի զեկույցում։
Չինաստանը, որն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը ռազմական ծախսերի ծավալով, 2024 թվականին դրանք ավելացրել է 7%-ով՝ մոտավորապես մինչև 314 միլիարդ դոլար։ Այդ երկրին է բաժին ընկնում Ասիայի և Օվկիանիայի բոլոր ռազմական ծախսերի 50%-ը։ Ճապոնիայի պաշտպանական ծախսերն ավելացել են 21%-ով՝ հասնելով 55,3 միլիարդ դոլարի, ինչն ամենամեծ տարեկան աճն է 1952 թվականից ի վեր:
Ճապոնիայի ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 1,4%-ը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է 1958 թվականից ի վեր:Հնդկաստանի ռազմական ծախսերը (մեծությամբ հինգերորդն աշխարհում), ինստիտուտի գնահատումներով, աճել են 1,6%-ով՝ մինչև 86,1 միլիարդ դոլար:
Աղբյուրը՝ 168.am