ԶՊՄԿ պարզաբանումը՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում չներառվելու վերաբերյալ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պարզաբանում է տարածել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի ներառված չլինելու վերաբերյալ՝ նշելով, որ «դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է»:
«ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ եւ ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։
2024թ.-ի արդյունքներով հաշվարկված եւ վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն։
Հենց այդ պատճառով առաջին եռամսյակի ցուցանիշներով գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը հնարավոր չէ, պետք է դիտարկել տարեկան ցուցանիշների կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումներն ամբողջությամբ կերեւան տարվա վերջում։ Նախորդ տարվա հարկային կանխավճարների ճշգրտումն ամփոփվում է առաջին եռամսյակում՝ արդեն վերջնական հաշվետվության հիման վրա։
Հաջորդ եռամսյակում՝ արդեն կիսամյակային կտրվածքով, ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում»: