ՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 4 միլիարդ դրամի ստվերային շրջանառության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը հարկերից խուսափելու փորձերի և ստվերային տնտեսության դեմ: Այս անգամ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել շինանյութի ոլորտում գործունեություն ծավալող խոշոր հարկ վճարողի մոտ:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժին ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ տվյալ ընկերությունը մշտապես իրականացնում է շինանյութի մանրամեծածախ վաճառք և հաճախ չի տրամադրում համապատասխան հարկային հաշվարկային փաստաթղթեր։ Նման գործելաոճը հնարավորություն է տվել էապես թերհայտարարագրել իրացման շրջանառությունը։
Տվյալների ճշգրտման և իրացման իրական ծավալների բացահայտման նպատակով Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող այս ընկերության վաճառքի կետերում իրականացվել են միաժամանակյա միջոցառումներ: Տեղում ձեռք են բերվել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող կարևոր փաստական տվյալներ, որոնք հիմք են հանդիսացել նախնական ֆինանսական վերլուծության համար։
Հաշվարկներն ուշագրավ են. ընկերության կողմից չհայտարարագրված իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 4 միլիարդ դրամ: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հատկանիշներով:
Հիմք ընդունելով հաղորդման փաստերը՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակում իրականացվել են խուզարկություններ ընկերության իրավաբանական և գործունեության հասցեներում, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ և այլ նյութեր։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ստվերային տնտեսության և հարկային կարգապահության խախտումների դեմ պայքարը շարունակվելու է՝ նպատակ ունենալով բացահայտել և կանխել նմանատիպ դեպքերը:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մանրամասները` տեսանյութում. https://www.youtube.com/watch?v=x_zotixdS0M