Կոոպերացիոն կապերի զարգացումը ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի տնտեսական համագործակցության կարևոր բաղադրիչներից է.

Կոոպերացիոն կապերի  զարգացումը ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի տնտեսական համագործակցության կարևոր բաղադրիչներից է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է ապրիլի 28-29-ը կայացած «ԻՆՆՈՊՐՈՄ. Կենտրոնական Ասիա» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացման արարողությանը։ 

Այցի շրջանակում նախարար Բարսեղյանը զեկույցով հանդես է եկել ցուցահանդեսի հիմնական միջոցառման՝ «Մրցունակ արդյունաբերական գործընկերություն Կենտրոնական Ասիայում. ինտեգրում առաջատար տեխնոլոգիաների հիման վրա» խորագրով լիագումար նիստին՝ անդրադառնալով ԵԱՏՄ երկրների արդյունաբերական համագործակցության առաջնահերթություններին։ 

«2024 թվականին արդյունաբերության ոլորտում համատեղ կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր վերազգային ծրագրի գործարկումը կարևոր քայլ էր Եվրասիական արդյունաբերական և տնտեսական ինտեգրման գործնական գործիքների ստեղծման ճանապարհին»,- իր ելույթում նշել է Բարսեղյանը՝ ավելացնելով, որ արդյունաբերական ձեռնարկությունների կոոպերացիոն կապերի գործնական զարգացումը ԵԱՏՄ շրջանակում և գործընկեր երկրների հետ հանդիսանում է Հայաստանի տնտեսական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը։  

Ցուցահանդեսի շրջանակում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և շինարարության նախարար Երսային Նագասպաևի հետ։ 

Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության հեռանկարային ուղղությունները։ 

Բարսեղյանն այցելել է նաև «Տաշքենդի տեքստիլի կոմբինատ» ՍՊԸ «Tashtib-Tex» ձեռնարկություն, որտեղ քննարկվել են թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հարցերը, ինչպես նաև 2024-2026 թվականների համար նախատեսված ԵԱՏՄ հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության համատեղ միջոցառումների ծրագրի իրագործման շրջանակներում փոխգործակցությունը։