ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գործընկերների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ գարնանային հանդիպումների շրջանակներում մի շարք պաշտոնական քննարկումներ է ունեցել Համաշխարհային բանկի գործընկերների հետ:
Նախարար Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հադիպել է ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխնախագահ Անտոնելլա Բասսանիին, ՀԲ գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաթին, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին:
Կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի հետ իրականացման փուլում գտնվող ծրագրերը, արձանագրել վերջին տարիներին կառույցի հետ հարաբերություններում նկատվող բարձր ակտիվությունը, ինչպես նաև դիտարկել մշակման գործընթացում գտնվող այլ նախագծեր:
Պատվիրակությունը հանդիպել է նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի հարցերով տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորային: Գործընկերներն ընդգծել են մասնավոր հատվածի ֆինանսավորման ծրագրերով ՀՀ առաջանցիկ դիրքը տարածաշրջանում և քննարկել նոր հեռանկարային ծրագրերում ՄՖԿ ներգրավվածության հնարավորությունները: