Ուշադրություն է դարձվել մայրաքաղաքի զարգացման ծրագրերի համակարգային խնդիրներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
Հանդիպման ընթացքում քաղաքապետը նախագահին ներկայացրել է մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների, բարենորոգման աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել համակարգային բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներին և տարբեր խոչընդոտների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին: Առանձնահատուկ կարևորվել է միասնական տոմսային համակարգի արդիականացմանն ուղղված հետևողական քաղաքականությունը:
Տիգրան Ավինյանը ներկայացրել է իրականացվող նախագծերի մանրամասները, նշել հանրային միջավայրի բարելավման ուղղությամբ առաջընթացը, մասնավորապես հանրային և բակային տարածքների, զբոսայգիների, խաղահրապարակների բարեկարգման և կառուցման գործում: Քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել նաև Երևանում կառուցապատման ոլորտում տիրող ընդհանուր իրավիճակի վերաբերյալ:
Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մայրաքաղաքի զարգացման ծրագրերում առկա համակարգային խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:
Նախագահն իր խոսքում շեշտել է Երևանի ենթակառուցվածքների արդիականացման, ոլորտային բարեփոխումների իրականացման գործում հետևողական մոտեցման կարևորությունը:
Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ընդգծել է, որ մայրաքաղաքի կառավարումն ունի յուրահատուկ բարդություններ, որոնց հաղթահարումը հնարավոր է միայն կառավարման արդյունավետության շարունակական բարձրացման և համակարգված քաղաքականության իրականացման արդյունքում:
Հանդիպմանը երկուստեք շեշտվել է մայրաքաղաքի զարգացմանը միտված առաջնահերթ ծրագրերի հաջող իրականացման ապահովման անհրաժեշտությունը: