Քաղաքապետարանի աշխատանքների եռամյա ծավալը համեմատելի է նախորդ 10-15 տարիների ծավալի հետ. Ավինյան

Քաղաքապետարանի աշխատանքների եռամյա ծավալը համեմատելի է նախորդ 10-15 տարիների ծավալի հետ. Ավինյան

Նոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկի փողոցի միջնամասում կառուցվել է կասկադային համալիր՝ 224 աստիճանահարթակներով և հավելյալ 15 աստիճանահարթակ մուտքի հատվածում: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է նաև, որ կառուցվել է խաղահրապարակ երեխաների համար, առանձնացվել է շների համար նախատեսված տարածք: Այգում անցկացվել են ոռոգման համակարգ և արտաքին լուսավորության ցանց: 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով, Երևանի քաղաքապետարանը շինբարեկարգման ոլորտում իր աշխատանքները բազմապատկել է նախորդ ժամանակաշրջանների համեմատությամբ, և նմանատիպ բարեկարգման աշխատանքները դարձել են սովորական:

«Ստացել ենք հետաքրքիր նոր միջավայր, նոր կասկադ Նոր Նորք վարչական շրջանում: Իրականացրել ենք նաև 6-7 հեկտար տարածքի վրա ծառատունկ»,- ասաց Ավինյանը և հույս հայտնեց, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները հաճախ կգնան բարեկարգված տարածք:

Անդրադառնալով աշխատանքներին, որոնք կատարվում են, բայց որոնց մասին հաճախ չեն խոսվում, Ավինյանը նկատեց. «Քաղաքապետարանի աշխատանքների եռամյա ծավալը միգուցե համեմատելի է նախորդ 10-15 տարիների ծավալի հետ»: