ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Եղեգիս բնակավայրի բնակիչների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպել է Եղեգիս բնակավայրի բնակիչների հետ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մայիսի 2-ին Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի նորակառույց դպրոցի դահլիճում հանդիպեցին բնակիչների հետ։
Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի և Եղեգիսի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները։
Մարզպետ Կոլյա Միքաելյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ մարզպետի աշխատակազմն իր գործունեության սկզբունքներում մեծապես կարևորում է բնակիչների հետ անմիջական շփումները, տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու, նրանց մտահոգությունները լսելու հանգամանքները, միաժամանակ առաջնահերթություններում ընդգծում բնակիչների շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվող, մարզում, համայնքում կատարված ծրագրերի վերաբերյալ իրազեկմանն ուղղված աշխատանքները։
Այնուհետև մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրին կրթական, առողջապահական, սոցիալական, քաղաքաշինական, գյուղատնտեսական ոլորտներում կատարված աշխատանքները, բարեփոխումները, պետական աջակցության ծրագրերը և այլն։
Անդրադարձան նաև սուբվենցիոն ծրագրերին և դրանցից ակնկալվող արդյունքներին, տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների կապի արդյունավետության ապահովման, հանրային լսումներին բնակիչների թվի ավելացման խնդիրներին։
Քննարկումներում, ի թիվս մի շարք հարցերի, կարևորվեցին բնակավայրի զբոսաշրջային մեծ ներուժի զարգացման, գրավչությունների ընդլայնման, մատուցվող ծառայությունների որակի բարելավման խնդիրները։
Հանդիպման ընթացքում բնակիչները պատկան մարմիններին ուղղեցին մի շարք հարցեր, տրվեցին համապատասխան պարզաբանումներ։
 Մարզպետ Կոլյա Միքաելյանը, ամփոփելով հանդիպումը, նշեց, որ բնակիչների հետ արդեն ավանդական դարձած հանդիպումների այս ձևաչափը տալիս է շոշափելի արդյունքներ և կկրի պարբերական բնույթ։
Հավելենք, որ մինչև բնակիչների հետ ընդլայնված հանդիպումը մարզպետն այցելել է մի շարք բնակիչների տներ, զրուցել նրանց հետ, ծանոթացել նրանց խնդիրներին։