Փոփոխություններ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում

Փոփոխություններ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում

Օրենքի նախագծով սահմանվում են բանակի՝ գլխավոր շտաբի սերժանտի, կորպուսի և շտաբի սերժանտների պաշտոններն ու դրանց վարձատրության գործակիցները. այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ասել է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 5-ի նիստում՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Զեկուցողը տեղեկացրել է, որ արևմտյան պետությունների, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի, բանակային ուղղությունների և շտաբային սերժանտների առկայություն, որով ապահովվում է սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:

Արման Սարգսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին: Նա կարևորել է ատեստավորման գործընթացը՝ հավելելով, որ այն նպաստում է զինծառայողի թե՛ ֆիզիկական պատրաստվածության, թե՛ մասնագիտական որակի կատարելագործմանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորել է փոփոխության ընդունումը՝ նշելով, որ այն բանակի բարեփոխումների գործընթացին ուղղված կարևորագույն օրենքների նախագծերից է:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար այն հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը:

Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին: