Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսևորում հանդիսացող որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Պատիժը պետք է լինի հնարավորինս խիստ, որպեսզի կանխենք այն աճը, որն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ունենք: Ես իմ ձեռքի տակ ունեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները: Հինգ տարվա ընթացքում՝ 2018-2023 թվականներին, բազմապատիկ աճել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները: Խնդրի լուծման միջոցներից մեկը պատժի խստությունն է: Անհերքելի է, որ պատժի խստությունն ունենում է կանխարգելիչ նշանակություն:
ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» իր մշակած օրենքի նախագիծը:
Պատգամավորն առաջարկում է լրացնել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործություններին վերաբերող հոդվածներում արարքը ծանրացնող հանգամանքների շարքը:
Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 394-րդ և 402-րդ հոդվածների 2-րդ մասերում ծանրացնող հանգամանք սահմանել արարքը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կատարելը, իսկ 393-րդ և 394-րդ հոդվածների 3-րդ մասերում որպես առանձնապես ծանրացնող հանգամանք սահմանել անչափահասի ներգրավմամբ արարքը կատարելը:
Նախագծով թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութի, դրանց պատրաստուկի կամ դրանց համարժեք նյութի (անալոգի) կամ դրանց ածանցյալի գործածմանը հակելու կամ ներգրավելու համար արարքը ծանրացնող հանգամանքների թվում առաջարկվում է սահմանել նաև անձի անօգնական վիճակն օգտագործելով հանցանքը կատարելու վերաբերյալ կարգավորումներ:
Հեղինակն առաջարկում է խստացնել նաև որոշ հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է նախատեսել պատիժ՝ 5-8 տարի ժամկետով ազատազրկում, 393-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել պատիժ՝ 8-12 տարի ժամկետով ազատազրկում, 393-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսել պատիժ՝ 14-20 տարի ժամկետով ազատազրկում կամ ցմահ ազատազրկում, 396-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել պատիժ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսել պատիժ՝ 2-6 տարի ժամկետով ազատազրկում, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսել պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում:
Հայկ Սարգսյանը հայտնել է, որ մի շարք երկրներում ցմահ ազատազրկում և մահապատիժ է սահմանված թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման համար:
Պատգամավորը պատասխանել է գործընկերների հարցերին, դրական արձագանքել հնչած որոշ առաջարկներին: Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները կարևորել են օրինագիծը, նաև առաջարկներ և դիտողություններ ներկայացրել:
Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ նախագիծը շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ քննարկվել է ավելի քան հինգ ամիս: Նշվել է, որ անհրաժեշտության դեպքում քննարկումները կշարունակվեն:
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է որոշ դիտողություններ և առաջարկներ՝ ողջունելի համարելով ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին միտված օրինագծերի քննարկումը խորհրդարանում:
Հարակից զեկուցողն առաջարկել է օրինագծի 393-րդ հոդվածի 3-րդ մասից հանել ցմահ ազատազրկում նախատեսող դրույթը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը փոխանցել է Կառավարության դիրքորոշումը՝ ներկայացնելով մի շարք առաջարկներ: Փոխնախարարն անդրադարձել է հնչած տեսակետներին, տվել իրավական պարզաբանումներ: Նշվել է, որ առաջարկվող պատիժների չափերն անհամաչափ են և աննպատակահարմար: «Նախագծով ներկայացվող երկու խումբ առաջարկներից պատժաչափերի ավելացմանը Կառավարությունն ամբողջությամբ դեմ է: Ինչ վերաբերում է մյուս խմբին՝ ծանրացնող հանգամանքների ավելացմանը, Կառավարությունը միանշանակ կողմ է՝ որոշակի տեխնիկական և իրավական ձևակերպումների ճշգրտումներով»,- պարզաբանել է փոխնախարարը:
Կառավարության շուրջ 10 առաջարկներ հանձնաժողովը քվեարկությամբ ընդունել է: Դրանց թվում չէր վերաբերող առաջարկը, որը պնդել է Կառավարության ներկայացուցիչը:
Պատժաչափերի ավելացման վերաբերյալ Կառավարության առաջարկի վերաբերյալ Հայկ Սարգսյանը հայտնել է, որ ընդունում է այն՝ պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում պատժաչափերը պետք է վերանայվեն: «Ես շարունակում եմ պնդել, որ պատժաչափերը պետք է բարձրացվեն: Եվ դրա համար Կառավարության հետ պետք է գանք կոնսենսուսի»,- ընդգծել է նախագծի հեղինակը: Հանձնաժողովն ընդունել է Կառավարության նաև այդ առաջարկը:
Լրամշակելու նպատակով նախագծի քվեարկությունը հետաձգվել է:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել և դրական եզրակացություն է տվել ««Կատարողական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենսդրական փաթեթին, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը որևէ փոփոխության չի ենթարկվել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել մայիսի 5-ին: