Հետք․ Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան

Հետք․ Ի՞նչ է լինելու պետական ներդրումային ֆոնդի կառավարչի՝ ԱՆԻՖ-ի նախկին դուստր ընկերության ապագան

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով) նախկին դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը շահույթ ստանալու նպատակով ստեղծված ընկերություն է, իր գործունեության 5 տարում միայն մեկ անգամ՝ 2022 թվականին է շահույթ ունեցել տարեկան կտրվածքով: Ընկերության կառավարած ֆոնդը մինչ օրս 17 մլն դոլար է ներդրել հայաստանյան ընկերություններում:

Կորոնավիրուսի համավարակի առաջացրած տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար պետությունը որոշել էր ստեղծել ներդումային ֆոնդ, որը պետք է մասնավոր կապիտալի ներհոսք խթաներ դեպի ՀՀ տնտեսություն եւ այդպես ապահովեր կապիտալի երկարաժամկետ ու կայուն աճ:

Այս նպատակով 2019-ի դեկտեմբերին ԱՆԻՖ-ը հիմնադրել է դուստր ընկերություն՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն: Սա էլ իր հերթին, որպես կառավարիչ, ՀՀ կենտրոնական բանկում գրանցել է տվել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» փակ, ոչ հրապարակային, պայմանագրային, մասնագիտացված ներդրումային ֆոնդը:

«Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի համաձայն՝ ոչ հրապարակային են այն ֆոնդերը, որոնց թողարկած արժեթղթերը չեն կարող տեղաբաշխվել հրապարակային առաջարկի: Փակ են համարվում այն ֆոնդերը, որոնք պարտավորություն չունեն հետ գնել իրենց թողարկած եւ ֆոնդի մասնակցին պատկանող փայերը վերջինիս կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Պայմանագրային ֆոնդ ասելով՝ պետք է հասկանալ ակտիվների համախումբ, որը ձեւավորվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված պայմանագրային ներդրումային ֆոնդի կառավարման պայմանագրերի հիման վրա: Իսկ մասնագիտացված ֆոնդը ֆոնդի տեսակ է, որի ակտիվներն ամբողջությամբ կամ առնվազն 30 տոկոսով ենթակա են ներդրման կոնկրետ տեսակի ակտիվներում:

Այսպիսով՝ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի նպատակը եղել է կորոնավիրուսի համավարակի ազդեցության պայմաններում ՀՀ տնտեսական ակտիվության բարձրացումը, աշխատատեղերի ստեղծումը, արտահանման խթանումը, Հայաստանի մարզերի զարգացումը: Այս ֆոնդի մասնակիցը, այսինքն՝ նրա թողարկած փայերի սեփականատերը, պետությունն է՝ ՀՀ-ն, որը պետբյուջեից գումարներ է «սրսկում» ֆոնդ, իսկ հետո դրանք ներդրվում են տարբեր ընկերություններում:

Սահմանվել է, որ ֆոնդը յուրաքանչյուր ծրագրում կարող է ներդնել 0,5-4 մլն դոլար, ինչի դիմաց տվյալ ներդրումն ընդունող ընկերությունում ստանալու է 25,1-49,9 % մասնակցություն: Այսինքն՝ պետությունն ու մասնավոր ձեռնարկատերը բիզնեսի համասեփականատեր են դառնալու, բացի դրանից՝ ֆոնդը պետք է ներկայացուցիչ ունենա այն ընկերության խորհրդի կազմում, որում ներդրում է կատարում:

Պետական ներդրումային ֆոնդի մասնակցության ժամկետը որեւէ ծրագրում սահմանափակ է՝ մինչեւ 10 տարի: Երբ ֆոնդը դուրս է գալիս համատեղ ընկերությունից, իր բաժնետոմսերը վաճառում է գործընկեր ձեռնարկատիրոջը:

Ներդրումային ֆոնդի կառավարիչ ընկերությունն ի սկզբանե այլ նպատակ ուներ

Ինչպես ասվեց, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2019 թ. դեկտեմբերին ԱՆԻՖ-ի կողմից: Ընդ որում՝ այն սկզբնապես կոչվում էր «Իմ տուն» ՓԲԸ:

«Հետքը» գրել է ԱՆԻՖ-ի կողմից 2019-2020 թթ. շրջանառված «Իմ տուն» ծրագրի մասին, որի շրջանակներում պետք է տներ կառուցվեին սահմանամերձ որոշ հատվածներում, այդ թվում՝ զինվորականների համար: Սակայն 2020 թ. պատերազմից հետո առաջնահերթությունները փոխվել էին, եւ սա դարձել էր կոմերցիոն ծրագիր: Այդուհանդերձ, հետագայում այն այդպես էլ իրականություն չդարձավ՝ մնալով թղթի վրա:

Ամբողջությամբ՝ hetq.am