Երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ. ԿԲ նախագահ

Երկարաժամկետ կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ են կառուցվածքային բարեփոխումներ. ԿԲ նախագահ

Երկարաժամկետ կայուն տնտեսական աճի ապահովման համար առանցքային են կառուցվածքային բարեփոխումները: 

Այս մասին մայիսի 6-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի կանխատեսման հնարավոր վերանայման վերաբերյալ լրագրողի հարցին: 

«Լավատեսական, վատատեսական սցենարներ այլևս չունենք: Ասում ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ ունենք որոշակի հեռանկարային սցենարներ, որոնց ներքո փորձում ենք կառուցել մեր քաղաքականության առաջնագիծ ընթացքը: Արդեն արձանագրեցի ներկայացրածս Բ տիպի սցենարների նյութականանալու ավելի մեծ հավանականության մասին: Քննարկման ընթացքում ԿԲ խորհրդի որոշ անդամներ բարձրաձայնել են այն թեզը, որ հնարավոր է տնտեսությունը թուլանա ավելի արագ տեմպերով, քան ակնկալում է շուկան, ինչի արդյունքում մեր արձագանքը պետք է լինի տոկոսադրույքների նվազեցումը: Բայց դրան հակակշիռ խոսել ենք նաև Ա տիպի սցենարների մասին, որոնք կարող են բերել մեր տոկոսադրույքների երկարաժամկետ մակարդակով ավելի բարձր ցուցանիշին: Այս երկուսը հավասարակշռելով ենք տոկոսները թողել անփոփոխ»,- նշեց Մարտին Գալստյանը: