Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին քննարկել են տնտեսության ոլորտում Հայաստանի և Վրաստանի համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Երևանում Հայաստան-Վրաստան գործարար համաժողովի շրջանակում մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
«Մենք կարևորում ենք Հայաստանի և Վրաստանի տնտեսական հարաբերությունների խորացումը և անհրաժեշտ ենք համարում ձեռնարկել համատեղ քայլեր՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությանն ու համագործակցությանը խոչընդոտող խնդիրները վաղ փուլում բացահայտելու և կանխարգելելու համար, որպեսզի հետագայում ժամանակ չկորցնենք լուծումներ փնտրելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները բարեհաջող զարգանում են։ Միաժամանակ նա նշել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել առևտրաշրջանառության սահուն ընթացքը դանդաղեցնող բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնելու, մաքսային ընթացակարգերը պարզեցնելու և թափանցիկ ներդրումային միջավայրը խթանելու ուղղությամբ։
Առանձին անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում գործակցության խորացմանը։