Գևորգ Պապոյանը և Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին Երևանում մասնակցել են Հայաստան-Վրաստան գործարար համաժողովին։
«Վրաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն, իսկ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն», - ողջունելով համաժողովի մասնակցիներին՝ նշել է Գևորգ Պապոյանը:
Փոխգործակցության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների թվում Գևորգ Պապոյանը, մասնավորապես, մատնանշել է արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներ։