Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով

«Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում օգտագործվում է «արգելոց» բառը, ինչը չի համապատասխանում միջազգային տերմինաբանությանը: Նախատեսվում է «արգելոց-թանգարան» եզրույթը փոխարինել «հնավայր-թանգարան» եզրույթով: Այս մասին ԱԺ նիստում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ աշխարհում նմանատիպ ինստիտուցիոնալ միավորները կոչվում են հնագիտական վայր՝ «Archeological site», որն ուղղակիորեն բխում է վերջիններիս կառավարման եւ պահպանության կարգավիճակից: Նա նշել է, որ արդի հայերենի բացատրական բառարանում «հնավայր» բառը սահմանված է որպես «հնությունների՝ հին հուշարձանների վայր, հնագիտական պեղումների վայր»:

«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «արգելոց» բառը սահմանվում է որպես «արգելավայր», վերագրվում է բնության հատուկ պահպանության տարածքներին եւ ենթադրում է «արգելելու, սահմանափակելու» կառավարման կարգավիճակ»,- մանրամասնել է Ալֆրեդ Քոչարյանը: Հաշվի առնելով, որ պատմամշակութային արգելոց-թանգարանները դասվում են թանգարանային կառավարման ինստիտուցիոնալ  շրջանակին, եւ, ըստ այդմ, ենթադրում են համապատասխան պահպանության, սոցիալ-կրթական եւ մասնակցային միջավայրի ստեղծում՝ նախարարի տեղակալը նշել է, որ նպատակահարմար է դրանք վերանվանել «հնավայր-թանգարան»:

Մյուս լրացմամբ նախատեսվում է շտկել «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին», «Քաղաքաշինության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առկա հակասությունները: Մասնավորապես, առաջարկվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքներն ու շինարարության թույլտվությունները ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրել միայն ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթի հուշարձանների, ինչպես նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին հանձնված հուշարձանների համար:

Ալֆրեդ Քոչարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ սահմանվող կարգավորումների, հուշարձանների եւ տնտեսության միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ:

Գլխադասային՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը:

Ելույթներում պատգամավորներն անդրադարձել են նախագծով առաջարկվող փոփոխություններին ու լրացումներին, սահմանվող ակտերին, «արգելոց-թանգարան» եզրույթը «հնավայր-թանգարան» եզրույթով փոխարինելուն:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթում Լիլիթ Գալստյանն ընդգծել է, որ «արգելոցը» «հնավայր» տերմինով փոխարինելով՝ չեն արտահայտվում դաշտում արդեն գործող ինստիտուցիոնալ բոլոր կառույցների բովանդակային եւ իրավական հարաբերությունները: Նա նշել է, որ առաջարկվող փոփոխությամբ իրավական անորոշություններ են առաջանում:

Եզրափակիչ ելույթում Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձնել է ելույթներում հնչեցրած դիտարկումներին՝ ներկայացնելով հավելյալ պարզաբանումներ առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: