Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը

Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը: Նրա կենսագրությունն Ազգային ժողովում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Աննա Պետրոսյանը 2006-2011-ին սովորել է Ֆրանսիական համալսարանում: 2011-ից ցայսօր աշխատում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ որպես վերլուծության և մրցակցության գնահատման փորձագետ, վարչության պետի տեղակալ, վարչության պետ: 2023-ից մինչ օրս աշխատում է հանձնաժողովի վերահսկողության վարչության պետ:
Աննա Պետրոսյանը 2024-ից մինչ օրս դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, 2016-2018 թվականներին դասավանդել է Ֆրանսիական համալսարանում:
Աննա Պետրոսյանն իր ելույթում ներկայացրեց ոլորտի վերաբերյալ իր տեսլականը: Ըստ ՄՊՀ անդամի թեկնածուի՝ պետք է սպառողներին դարձնել այն աստիճան կրթված, որ վերջիններս ինքնուրույն կարողանան տարբերակել, թե որ տնտեսվարողներն են բարեխիղճ: Այս առումով նա ոչ միայն կարևորեց միասնական մարմնի ներդրումը, տուգանքների պատասխանատվության միջոցների կիրառումը, այլև սպառողներին կրթելը հանրային իրազեկման ու կրթական արշավների միջոցով: