Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման աշխատանքներ կիրականացվեն

Կառավարության որոշմամբ, 2024 թվականի մայիսի 25-26-ը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, հորդառատ անձրևներով պայմանավորված, հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման նպատակով, Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման, ինչպես նաև 2025 թվականի հնարավոր վարարումների ռիսկերի կառավարման նպատակով հաստատվել է հակահեղեղային անհետաձգելի միջոցառումների ցանկը: Որոշվել է աշխատանքներն իրականացնել առանց նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման, իսկ աշխատանքներն ընդունել փաստացի իրականացված ծավալներին համապատասխան։ Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Լոռու մարզում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված Դեբեդ, Փամբակ, Ձորագետ, Շնող և Տաշիր գետերի խնդրահարույց հատվածների մաքրման անհրաժեշտությամբ:
Հարավկովկասյան երկաթուղու ՀՀ Լոռու մարզի Ալավերդի-Ախթալա հատվածում 2024 թվականին հեղեղումներից առաջացած փլուզումները վերացնելու նպատակով 2025 թվականի մարտի 10-ին ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի, ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովի, «Մելիորացիա» ՓԲԸ-ի, ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի, «Լոռի» ՋՕԸ-ի համապատասխան ներկայացուցիչները տեղում իրականացրել են գետերի հուների ակնադիտական ուսումնասիրություն: Ուսումնասիրությունից պարզվել է, որ անհրաժեշտ է իրականացնել գետի հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքներ՝ հստակեցվել են գետի հունի մաքրման և ափերի ամրացման աշխատանքների առաջնահերթ իրականացվող հատվածները և գնահատվել են աշխատանքների մոտավոր ծավալները։ Նշված աշխատանքների վերաբերյալ Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական հանձնաժողովը ներկայացրել է մանրամասն տեղեկատվություն (կցվում է): Կցվում է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գրությունը։